ԱԱԾ–ն խուզարկել է «Երևան» հիմնադրամի աշխատասենյակները. հայտարարություն

ԱԱԾ–ն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ է իրականացնում` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:

Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:

«Երևան» հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2007 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահն է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդի կազմում են նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի տարբեր վարչությունների պետեր, ինչպես նաև ավագանու անդամներ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am