Դատախազը միջնորդել է դատարանին մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բողոքի քննության ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանն իր ճառում միջնորդեց դատարանին մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ 10,6 տարվա փոխարեն նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Այս գործով ամբաստանյալ և նույն շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի պատիժը, դատախազը միջնորդեց պայմանականորեն չկիրառել, ինչը նշանակում է, որ Սաֆարյանը կարող է դատապարտված լինել, բայց գտնվել ազատության մեջ։

Նույն գործի շրջանակներում ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի մասով դատախազն ասաց, որ Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը առավելագույնս մեղմ պատիժ է՝ 3 տարվա ազատազրկում։

Դատախազը ներկայացնելով իր խոսքը, հայտարարեց, որ նման մեղմացման հիմքում ընկած է Հայաստանի քաղաքական կյանքում իրադրության փոփոխությունը։

«Իրադրության փոփոխության արդյունքում վերագրվող արարքի և այն կատարող անձի հանրային վտանգավորությունը նվազել է։ Իրադրության փոփոխման հետևանքով հանցավոր արաքի հանրային վտանգավորության նվազումը ենթադրում է  հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը նվազ վտանգ է ներկայացնում»,- ասաց Պետրոսյանը։

Կողմերին լսելուց հետո դատարանը անցավ խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին, ժամը 14։00-ին։

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը մեղադրվում են և ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էին 2015-ին ապրիլի 24-ին ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։

Նրանց փաստաբանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով կայացնել արդարացման դատական ակտ, ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունը:

Աղբյուրը՝ aysor.am