Ռոբերտ Քոչարյանի հետ զրույց երբևէ չի եղել. ՀՀ նախկին նախագահի գրասենյակը հերքում է լուրը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել` հերքելով լուրն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Գրիգորյանին հարցաքննել են։

 Գրիգոր Գրիգորյանին որևէ մեկը չի հարցաքննել, առավել ևս նա որևէ հայտարարություն չի արել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե Գրիգորյանին վերջերս հարցաքննել են, և նա կարևոր տեղեկություններ է հայտնել այդ իրադարձությունների վերաբերյալ։

«Այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա հայտնեց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել»,- հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նշել է, որ այդ տեղեկությունը նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքն է:

Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօրվա համարում գրել է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

«Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,- նշված է հոդվածում:

Sputnik Արմենիան թերթի այս հրապարակման առնչությամբ զրուցել է փորձագետների հետ։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի հասցեին բավականին լուրջ մեղադրանքներ են հնչում, և անհնար է պարզապես անտեսել դրանք։

Միաժամանակ փորձագետը չի բացառում, որ Քոչարյանի հնարավոր քրեական հետապնդումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ։ Հաշվի առնելով, որ բազում բարձրաստիճան պաշտոնյաներ կապ են ունեցել մարտի 1-ի ողբերգության հետ, պետք է աղմկահարույց քրեական գործերի սպասել։

Հայաստանի առաջին նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանն իր հերթին կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունը Հայաստանի ֆունդամենտալ խնդիրն է։ Վերջին տասը տարիներին Հայաստանի բոլոր խնդիրները մարտի 1-ի ողբերգության հետևանքն են։

«Հիմա եկել է այն պահը, երբ այդ պատմությունը պետք է լիովին բացահայտվի։ Ու խոսքը ոչ միայն մարտի 1-ի մասին է, այլև` հոկտեմբերի 27-ի ահաբեկչության։ Ճշմարտության պահը եկել է, յուրաքանչյուր մարդ պետք է իր արածի համար պատասխան տա», — ասաց Մանուչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Առաջին նախագահի նախին խորհրդականը կարծում է, որ պետության նախորդ ղեկավարներին պատասխանատվության առաջ կանգնեցնելու հարցում հիմնական դերակատարությունը պետք է կատարի հասարակությունը։

«Եթե այդ գործառույթները թողնենք միայն կառավարությանը, ապա այն օբյեկտիվ պատճառներով կաշկանդված կլինի իր գործողություններում։ Չի կարելի ամեն ինչ կառավարության ուսերին բարդել ու այն հարվածի տակ դնել, այդ թվում` դրսից հարվածի», — ասաց մեր զրուցակիցը։

Վերջիվերջո իշխանափոխությունը Հայաստանում կայացավ ժողովրդական շարժման, փողոցի ճնշման արդյունքում։ Անկախ այն բանից`իշխանափոխության արդյունքում պետական կառավարման ինչ մոդել կկառուցվի, այդ մոդելը կա՛մ ժողովուրդն է կառուցելու, կա՛մ այն ընդհանրապես չի կառուցվելու։

Աղբյուրը՝ armeniasputnik.am