Կարեն Ավագյանը վախեցել է, որ փաստերը կբացահայտվեն

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանին ինչն է ստիպել դիմել Քննչական կոմիտե։

Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի գործողությունների հետ կապված:

Բանն այն է, որ տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր, ինչն օրենքի խախտում է, և հիմա հարուցվել է քրեական գործ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ թավշյա հեղափոխությունից հետո Ավագյանը, մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները ստուգումներ կսկսեն, ինքն է պատվիրել հիմնադրամում ներքին աուդիտ, և բացահայտվել են այդ փաստերը: Տեր-Հովակիմյանն էլ Ավագյանի հետ հեռախոսազրույցում ասել է, թե այդ քայլին է դիմել լուրջ խնդիրների առաջ կանգնելու պատճառով. կինն առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել Է Տեր-Հովակիմյանին, որն էլ ասել է. «Այս ժամանակահատվածում հարգեք իմ լռելու իրավունքը»: