Քոչարյանն է հրահանգել, որ կրակեն ցուցարարների վրա. հրամանատարը ձայնագրություն ունի. ԶԼՄ

«Ժամանակ» թերթը պարզել է, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Գրիգորյանն ինչ է ասել հարցաքննության ժամանակ։

 Վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը` հղում անելով իրավապահ մարմիններին մոտ աղբյուրին։

Թերթը նշում է` Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ:

«Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` քանի որ Քոչարյանը լինելով նախագահ` միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները:

Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում: