Հ1-ի բյուջեի քննարկումն անցավ սկանդալային մթնոլորտում. 2 մլդ չարաշահում, 1,5 մլդ՝ վարկ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Հանրային Հեռուստառադիոընկերության բյուջեի կատարողականի քննարկումներն անցան սկանդալային դեբատներով: Պատգամավորներն աջ ու ձախ Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին եւ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարցեր էին ուղղում մամուլում հայտնված այն հրապարակումների մասին, որոնց համաձայն՝ պետական միջոցների հաշվին գործող այս ՀԸ-ում բազմաթիվ չարաշահումներ են եղել:

«Կուզենայի մասնավորեցնեք, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը»,-հարցրեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ջաղինյանին եւ Գրիգորյանին այդ պահին «օգնության» հասավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը. «Խոսքը վերաբերում է մեծ մասամբ ընթացակարգային շեղումներին, եւ միայն մոտ 183 միլիոն դրամ գումարն է, որ վերականգնման ենթակա է, իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխանության արձանագրումներն են եղել, եւ դրանք, մեր ունեցած տեղեկություններով, շտկվել են»,-ասաց նախարարը։

Այնուհետ Իվետա Տոնոյանը հետաքրքրվեց՝ որքան գումարից է ընթացակարգային շեղումներով արձանագրվել երկու միլիարդը, եւ արդյոք դա չի՞ խոսում կառավարման ճգնաժամի մասին։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը հիմնականում խուսափում էր խնդրահարույց հարցերից: Նա պատասխանների համար իր հետ ԱԺ էր բերել նաեւ Հ1-ի գործադիր տնօրենին: Վերջինս էլ անդրադառնալով Տոնոյանի որակած ճգնաժամին, ասաց.

«Տողերի խախտումներ են եղել, բայց տարիների ընթացքում ներկայացրել ենք, եւ հաշվետվությունն այդ տեսքով ընդունվել է։ Կամ տեղի է ունեցել հետեւյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել հինգ տեսախցիկ, բայց պարզվել է, որ անհրաժեշտ է ոչ միայն հինգ տեսախցիկ, այլեւ փչացել է ձայնային ստուդիայի վահանակը, մենք գնել ենք երեք տեսախցիկ եւ մեկ ձայնային ստուդիայի վահանակ, որը համարժեք է նույն գումարին։ Դուք անընդհատ շեշտում եք, որ պետք է վերադարձվի, գումարի հափշտակում, անարդյունավետ վատնում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել բյուջեի տողերի ձեւակերպման անվանումների տարբերություն, որը հետագայում մեզ ասվել է, որ մենք պարտադիր պետք է դիմեինք ֆինանսների նախարարությանը՝ այդպիսի փոփոխությունների համար»,-ասաց Գրիգորյանը։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին էլ հուզում էր այն հարցը, որ Հանրային ՀԸ-ի շենքը գրավադրված է, եւ ընկերությունը վարկեր է վերցրել։ Գործադիր տնօրենը ԱԺ-ում ի պատասխան պատգամավորի մտահոգության հայտարարեց, որ Հ1-ը 1,5 միլիարդ դրամի վարկ ունի, սակայն տոկոսի մասին պատասխան մանրամասներ չհաղորդեց: Էնֆիաջյանին առաջարկեց այդ հարցերին գրավոր պատասխանել:

Էնֆիաջյանը հայտարարեց, որ հրապարակումների համաձայն երկու միլիարդ դրամի չարաշահում է եղել, ապա հարցրեց, թե ո՞վ է այդ չարաշահման մեղավորը եւ ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու։

«Պարոն Ջաղինյան, լրատվական դաշտում որպես փաստ ներկայացված է, որ ձեր գործունեության պատվերների շուրջ 75%-ը տրված է Շարմ հոլդինգին, որի 50% բաժնետերը դուք եք հանդիսանում, մամուլում հրապարակում կա նաեւ, որ Հյուսիսային պողոտայում երկու բնակարան եք գնել, կուզենայի անդրադառնաք սրան»,-ասաց նա։

Ջաղինյանը, ում հունից հանում էին այս հարցերը, արձագանքեց. «Երկու միլիարդի հետ կապված մանրամասն պատասխանեցին։ Դուք ինձ ընդհանուր հարցեր եք տալիս բնակարանների մասին, ես իմ բնակարանները գնել եմ մինչեւ այն, ինչ զբաղեցրել եմ, ես չեմ կարա յուրաքանչյուր ասեկոսներին էստեղ պատասխանեմ: Շարմ կազմակերպությունը դա մի կազմակերպություն է, որը որակով պատրաստում է ծրագրեր, ոչ միայն Շարմը տարբեր կազմակերպություններ կան, որոնք աուդսորս պատրաստում են Հանրայինի ծրագրերը, ինչը նորմալ է։ Շենքի հետ կապված՝ Հանրային հեռուսատեսության շենքը որ ասում են, էնտեղ շատ շենք-շինություններ կան, երբ մենք Հանրային, սկսեցինք զբաղվել, կային մի քանի շենք, որոնք ընդհանրապես պետք ա կոպիտ ասած ջարդվեին, որովհետեւ վատ սեյսմիկ վիճակում էին։ Մի շենքը, որը ամենավատ վիճակում էր, Երեւան ստուդիայի շենքը, այդ մասնաշենքն է, որ դրված է։ Հանրային կարեւոր շենքը դրված չէ»,-ասաց Ռուբեն Ջաղինյանը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեից մեկ տարվա համար կառույցին տրամադրվել է 6 մլրդ 550 մլն 179 հազար դրամ:

Աղբյուրը՝ armtimes.com