Անվճար կտեղափոխենք, կհյուրասիրենք. զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու ֆլեշմոբ

Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու ֆլեշմոբ են սկսել:

gg ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը վիրտուալ այդ տիրույթում պատրաստակամություն է հայտնում ապահովել մեր երկիր ժամանող օտարերկրացիների անվճար տեղափոխությունը: «Հրավիրեք Ձեր օտարազգի ընկերներին, ինձ նշեք եւ gg-ն իր վրա կվերցնի իրենց անվճար տեղափոխությունը Զվարթնոցից Երեւան եւ հակադարձը, ինչպես նաեւ Գյումրիի օդանավակայանից դեպի քաղաք Գյումրի եւ հակադարձը: Կոչ եմ անում տարածել այս փոստը՝ նշելով, թե էլ ինչ է կարելի անել, որ զբոսաշրջիկներին հորդորենք գալ մեր երկիր։ Ասեմ, որ ցանկացած հնարավորության դեպքում հյուրերին կփորձեմ դիմավորել անձամբ ես եւ կփորձեմ կազմակերպել նկարահանում»,- գրել է Արտաշես Թովմասյանը:

Մեկ այլ օգտատեր՝ Բակուր Մելքոնյանը, օրակարգ բերված խնդրի վերաբերյալ իր առաջարկներն ունի:

«Եթե սիրում եք որսորդություն կամ ինտերնետային խաղեր, բլոտ, նարդի կամ սիրում եք մի քանի ժամ բանավեճի մեջ մտնել մի ադրբեջանցու հետ՝ փորձելով ապացուցել, որ Արցախը մերն է (իհարկե՝ վերջում հայհոյում եք ու դուրս եք գալիս ինտերնետից), եթե ունեք այս ամենի ժամանակը եւ հավեսը, բայց արդյունքում չի շահում մեր Հայրենիքը, առաջարկում եմ անել հետեւյալը, սկսեցինք.
Տուրիստական թեմաներով չաթերի մեջ կամ պարզապես ցանկացած արտասահմանցու «որտե՞ղ կարելի է հանգստանալ» փոստի տակ սկսում ենք մեր «որս» խաղը՝ համոզելու համար պոտենցիալ տուրիստին գալ Հայաստան: Ձեր կողմից դուխով առաջարկում եք անվճար տրանսֆեր օդանավակայանից Երեւան քաղաքի ցանկացած հյուրանոց եւ հետադարձ (կապահովի gg-ն), հաջորդ քայլին, ոչ պակաս դուխով, առաջարկում եք հայկական խոհանոցի անվճար հյուրասիրություն (կապահովի Փայտե Տնակ Wooden House-ը), ավելացնում եք անվճար թեյախմություն (ուրցի ու դաղձի) հայկական ընտանիքում (չեմ կասկածում կգտնվեն լիքը կամավորներ)»,- մասնավորապես, գրել է Բակուր Մելքոնյանը:

Իսկ նրա գրառման տակ արդեն օրինակ կա, թե ինչպես Եվրոպայի ուղղությամբ մատչելի տուրով հետաքրքրվող օգտատիրոջ մտքերի ընթացքը փոխվում է, եւ ի վերջո նրան ավելի գրավիչ է թվում Հայաստան այցելությունը: Տարբեր օգտատերեր, ի դեպ, նրան նաեւ տարբեր աջակցություններ ու շրջագայություններ են խոստանում:

Աղբյուրը՝ armtimes.com