ԱԺ-ում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրեց նախարար Մանե Թանդիլյանը: Նրան հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: Կյուրեղյանը մտահոգություն հայտնեց աղքատության ցուցանիշների մասին: Նա, նախ նշեց, որ միջին խավի ծավալը մեծացնելու խնդիր կա:
«Ունեք հաշվարկներ՝ ինչ հնարավորություններ եւ ինչ ժամկետում է հնարավոր կենսապահովման շեմը հասցնել նվազագույնին»,- ասաց նա: Կյուրեղյանը նաեւ անդրադարձավ սոցիալական փաթեթներին եւ հետաքրքրվեց, թե ինչ ժամկետներ է տեսնում նախարարն այդ ցանկերն ընդլայնելու համար:
Նախարարն ընդգծեց, որ ծրագրերը, որոնք իրականացնում է իրենց նախարարությունը, գտնվում են իր ուշադրության կենտրոնում եւ ենթակա են վերանայման: Նրա խոսքով՝ այն ծրագրերը, որոնք ունեն հրատապություն, դրանց արդյունավետությունն է դիտարկվում: Թանդիլյանը նաեւ նշեց, որ իրենց նախարարության գործառույթների մեջ մտնում է աղքատությունը մեղմելը, այլ ոչ թե նվազեցնելը:
«Մենք աղքատությունը մեղմելու նախարարություն ենք: Իսկ վերացնելու համար դրանք տնտեսական լուծում են պահանջում, մենք միայն մեղմելու հնարավորություն ունենք»,- ասաց նա, ապա նշեց, որ ամեն ինչ արվում է դրա համար:
Ինչ վերաբերում է կենսապահովման շեմին, ապա նախարարը նշեց, որ չէր ցանկանա խոստումներ տալ: «Կան քաղաքացիներ, ովքեր ստանում են պետությունից այնպիսի գումարներ, որոնք բավարար չեն նվազագույն պահանջների բավարարման համար: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա եւ հավելեց, որ պետք է ռեսուրսները գնահատեն:
«Նրանք, ովքեր պետք է լինեին թիրախներ, չեն ստանում օգնություն պետությունից, ուստի՝ պետք է ստեղծենք թիմ, որը պետք է վերանայի՝ ինչ է կատարվում այս ոլորտում, ովքեր պետք է ստանան, ովքեր՝ ոչ»,- եզրափակեց նա: