ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. բացահայտվել են չարաշահումներ

Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել։ ԴԱՀԿ վարույթում գտնվող գործարարները ավտոմեքենաներ են ներկրել ու շարունակել են անարգել աշխատել։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կատարված չարաշահումների դեպքերով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64 797 300 ՀՀ դրամ, 2017–ին` 38 152 600: Բայց ԴԱՀԿ աշխատակիցները ո՛չ գումարներն են բռնագանձել, ո՛չ էլ պարտատերերի գույքի վրա արգելանքներ են դրել, հակառակը` թույլ են տվել, որ նրանք շարունակեն իրենց բիզնեսը` առանց պետության հանդեպ պարտավորությունները կատարելու։

Այսպես, օրինակ` 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրությունները չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, և այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:

Մեկ այլ դեպքում էլ 130 172 600 ՀՀ դրամի բռնագանձման ենթակա սուբյեկտին ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունը հասցրել է բռնագանձման ենթակա գումարից 35 մլն–ը փոխառությամբ տրամադրել այլ անձի։Արդյունքում բռնագանձվել է այն, ինչ մնացած է եղել դրամարկղում։

Կապանում էլ ընկերությունից 40 854 000 դրամի փոխարեն միայն 161 600 ՀՀ դրամ է բռնագանձվել։ Սակայն հետո պարզվել է, որ ընկերությունը 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենա ունի, որոնց վրա ԴԱՀԿ–ն ինչ–ինչ պատճառով բռնագանձում չի տարածել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am