Անհրաժեշտությունը չկա, որ մենք բացահայտ հրապարակենք. Օսիպյանը՝ կոռուպցիոն սխեմաների մասին

Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երբ հետաքրքրվեցինք ԱԱԾ-ի պետի այն հայտարարությամբ, որ ոստիկանությունը եւս այն ավանդական կառույցներից է, որտեղ կոռուպցիա է եղել:

«Չեմ բացառում, որ իմ գործընկերներից մեկը կամ երկուսը պատասխանատվության կենթարկվեն, բայց ես բացառում եմ: Նախկինում եղել են ստորաբաժանումներ, որոնք կապ են ունեցել, բայց, որ ասեմ ոստիկանությունում տարածված է եղել նման երեւույթ, դա էլ ճիշտ չի լինի: Դրանք հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք առնչվում են քաղաքացիների հետ: Հիմնականում ՃՈ-ն է»,- ասաց նա եւ նշեց, որ պատասխանատվության ենթարկվողներ կլինեն:

ՀԺ-ի հարցին, թե երբ ենք ականատես լինելու նախկին իշխանությունների օրոք ոստիկանության թույլ տված կոռուպցիոն սկանդալների բացահայտումներին, Օսիպյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե նախկին ոստիկանապետի ժամանակ ինչպես է եղել: Նախկինում ՃՈ-ն չի եղել իմ ենթակայության, բայց չբացառենք, որ եղել է կոռուպցիա»:

Մեր դիտարկմանը՝ «բացառություններ» համարվող դեպքերը բացահայտելու համար քայլեր ձեռնարկվելու են, թե՝ ոչ, Օսիպյանը նշեց, որ նման դեպքերում ծառայողական քննությունները կարող են օգտակար չլինել:

Հարցին էլ` կոռուպցիոն դեպքերն անհատակա՞ն են, թե՞ սխեմաներ կան, ինչպես բացահայտում են ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն, ոստիկանապետը պատասխանեց.

«Ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին, անհրաժեշտությունը չկա, որ մենք բացահայտ հրապարակենք: Ունենք որոշակի դրվագներ, դեռ ընթացքի մեջ է»:

Աղբյուրը՝ armtimes.com