Պաշտոնը սեփականություն չէ. նախարարը պատասխանում է պաշտոնից հեռացածների բաց նամակներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ համակարգում կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են։

 Մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է։ Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգում կադրային որոշ փոփոխությունների շուրջ առաջացած աղմուկին։

«Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել եմ գալ ինձ խորհրդական, ինչը նշանակում էր, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից։ Ի դեպ, առաջարկել եմ խորհրդական հիմա`ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով։ Նույնիսկ նախարարի տեղակալի մասին էր խոսքը։ Ու նա, կարծես թե համաձայնել էր, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հետաքրքիր էր, վարակիչ ստատուսները շատ հուզիչ էին»,– ասում է նախարարը։

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները, նրա մեկնաբանմամբ, իրենց տնօրեն Ալեքսանդր Բազարջյանի փոփոխության մեջ իրենց աշխատանքային առօրյայի փոփոխության վտանգ են տեսել։ Արսեն Թորոսյանը նշում է, որ այստեղ սովորել էին «առավոտյան ժամը 10–ին գալ աշխատանքի և 3-ին գնալ տուն, և այդ ժամանակահատվածում զբաղվել անհասկանալի է, թե ինչով»։

Նախարարն այսպես է մեկնաբանում ինստիտուտի գիտական խորհրդի նիստում բաց նամակի ընդունումը, որտեղ աշխատակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում տնօրենին այլ պաշտոնի տեղափոխելու վերաբերյալ։

Արսեն Թորոսյանի հիշատակած հաջորդ պաշտոնյան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանն է, ով նույնպես իր հեռացման մասին երեկ երեկոյան բաց նամակ էր հրապարակել, որտեղ մասնավորապես հայտնել էր. «Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ»։

Արսեն Թորոսյանը մեկնաբանում է, թե ինչպես է Սևումյանը ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։

«Նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, այսպես ասած` անտանելի են դարձրել նրա աշխատանքը, և նա ստիպված հեռացել է այդ պաշտոնից, և, փաստորեն Միհրան Սևումյանը անարդարացիորեն նշանակվել է տնօրեն»,– ասում է Թորոսյանը։

Առողջապահության նախարարը հայտարարում է, որ համակարգում պետք են ռադիկալ կադրային փոփոխություններ, ինչը արվելու է աշխատանքն առնելով արդյունավետ դարձնելու համար։

«Ամեն դեպքում վենդետաներ չեն լինելու, լինելու է արդարության վերականգնում»,– ասում է նա։

Արսեն Թորոսյանը նաև հայտարարում է, որ կադրային փոփոխություններն ավարտված չեն։ Նախարարությունում ու ենթակա կառույցներում դրանք դեռ շարունակվելու են։

Աղբյուրը՝ armeniasputnik.am