Արծվիկ Մինասյանը միանում է Նիկոլ Փաշինյանի բոյկոտին

Նախարարին մտահոգում է սուպերմարկետներում գների բարձրացումը։ Նա վստահեցնում է` պետք է իրավական այնպիսի դաշտ ստեղծել, որտեղ կբացառվեն խոշոր տնտեսվարողների մեքենայությունները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած բոյկոտին։ Այս մասին այսօր պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Մինասյանը։

Սուպերմարկետներում գների անհիմն բարձրացումն անհանգստացրել է նաև նրան։ Մինասյանը հորդորում է դրանց սեփականատերերին զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Իսկ թե որքանով են հիմնավոր երեկվանից Հայաստանի խոշոր առևտրի ցանցերում սկսված թանկացումները, առայժմ կուսումնասիրի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ։

«Խնդիրը ՏՄՊՊՀ գործառույթների դաշտում է։ Հանձնաժողովը կուսումնասիրի և անհիմն գնագոյացման դեպքում համարժեք գործողություններ կձեռնարկի»,- ասաց նախարարը։

Կառավարությունն իր վերջնական եզրակացությունը կանի հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո, իսկ մինչ այդ Մինասյանը կարևորում է իրավական այնպիսի դաշտի ստեղծումը, որտեղ կբացառվեն խոշոր տնտեսվարողների մեքենայությունները։

«Մենք առաջին հերթին ձեռնարկելու ենք այնպիսի գործողություններ, որոնք կբացառեն գնագոյացման ողջ շղթայում խաղի ոչ շուկայական կանոնների հաստատումը, որպեսզի թե՛ արտադրողը, թե՛ ներմուծողը և թե՛ առևտուր կազմակերպողը հստակ խաղի կանոններ ունենան, և դրանք հավասար լինեն բոլորի համար։ Չի կարող սուպերմարկետը, որը տվյալ տարածքում գերիշխող դիրք ունի, իր ցանկացած խաղի կանոններ թելադրել»,- ասաց Մինասյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում դիմել էր արհեստական թանկացումներով սպառնացող տնտեսվարողներին և խոստացել նրանց, որ կզգան օրինականության համոզիչ ուժը:

«Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: Տարածած հայտարարության համաձայն` «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:

Այս գործողությունից հետո որոշակի թանկացումներ էին գրանցվել` հատկապես գյուղմթերքի շուկայում:

Նիկոլ Փաշինյանին կոչով դիմել էին մի շարք սուպերմարկետների ղեկավարներ՝ նշելով, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am