Հերթը հասավ տոնավաճառներին. կառավարությունը չարաշահումներ է կասկածում

Կառավարությունն ամեն ինչ կանի, որ որևէ առանձին սուբյեկտ խաղի սեփական կանոններ ձևավորելու հնարավորություն չունենա։

 ՀՀ կառավարությունն առաջիկայում ուսումնասիրություններ կսկսի հայաստանյան տոնավաճառներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով` կառավարությունը լուրջ կասկածներ ունի նաև այս ոլորտում հնարավոր չարաշահումների վերաբերյալ։

«Այստեղ ևս խաղի կանոնները խախտվում են՝ ոչ համարժեք պայմաններ ստեղծելով առևտրային սուբյեկտների համար՝ սկսած սեփական ցանկությամբ վարձավճարներ սահմանելուց մինչև պատշաճ պայմաններ չապահովելը»,- ասաց Մինասյանը։

Նա նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում տոնավաճառների սեփականատերերի ու առևտրականների հետ համատեղ քննարկումներ է ծրագրում, որոնց արդյունքում, նախարարի խոսքով, կներկայացվի օրենսդրական փոփոխությունների փաթեթ։

Այդ փաթեթի ընդունումից հետո որևէ առանձին սուբյեկտ խաղի սեփական կանոններ ձևավորելու հնարավորություն չի ունենա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am