Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հակահարվածներ է խոստանում

Վարչապետը մեկնաբանեց «Երևան սիթիում» իրականացվող ստուգումներն ու բոլորին կոչ արեց կամավոր վճարել թաքցրած հարկերը։

Այն, որ նոր կառավարությունը հայտարարել է, թե վենդետաներ չի անելու, չպիտի ընկալվի որպես թուլություն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, ջախջախիչ հակահարված կստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանելով «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի սկսած ստուգումները, Փաշինյանն ասաց. «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ ոք չմտածի, թե կարող է պետությանը խաբել»։

Վարչապետը կոչ արեց կամավոր գալ հարկային դաշտ, վերահաշվարկել նախկինում չվճարված հարկերը, որպեսզի դա չանի ԱԱԾ-ն։

Հիշեցնենք` երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: Ըստ ԱԱԾ-ի բացահայտման` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: