Սուպերմարկետները պարտավոր են վճարել մրգերի ու բանջարեղենի բոլոր հարկերը. Անանյան

Խանութները չեն ցանկացել վճարել ուրիշի հարկը, այդ պատճառով էլ այլ ճանապարհներ են փնտրել։

Սուպերմարկետները պետք է վճարեն մրգերի ու բանջարեղենի բոլոր հարկերը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Սուպերմարկետները դժգոհում են, որ մրգերի ու բանջարեղենի համար ստիպված են եղել վճարել և՛ իրենց, և՛ մատակարարների փոխարեն։ Ավելի ճիշտ` նրանք են վճարել ԱԱՀ-ն, քանի որ ֆերմերներն այդ հարկը չեն վճարում։ Այդ պատճառով էլ սուպերմարկետներն առևտրի մի մասը կատարել են Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչև 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, այլապես պետք է վճարեին ավելացված արժեքի հարկով, այսինքն` 20%:

«Ինչպես ես հասկացա, որոշակի համաձայնություն է եղել, որի համաձայն` Պետեկամուտների նախկին ղեկավարությունը դրան ուշադրություն չի դարձրել»,- նկատեց Անանյանը։

Նա նշեց, որ եթե նման մոտեցումը պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավոր է բացատրել, ապա պետության անունից հնարավոր չէ։

«Որովհետև հարկը պետք է վճարվի»,- ասաց նա։

Նշենք, որ սուպերմարկետների ներկայացուցիչներն ավելի վաղ դժգոհում էին, որ այդ դեպքում ստիպված կլինեն թանկացնել ապրանքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am