«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին

Յանը հույս է հայտնել, որ կրթության նախարարը մանրակրկիտ կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կվերանայի իր դիրքորոշումը:

Հնարավոր է` միլիարդատեր Դավիթ Յանը վերանայի Հայաստանի կրթական ոլորտում ներդրումներ իրականացնելու իր ծրագրերը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից Դավիթ Յանը:

«Տիկնոջս՝ Ալյոնայի հետ, մեր բոլոր ազատ ֆինանսական միջոցները տալիս ենք «Այբին», և 2017-ին որոշում ենք կայացրել ևս 15-20 մլն դոլար նվիրաբերել Հայաստանում իրականացվող կրթական նախագծերին և «Այբին» մի քանի տարվա հեռանկարով: Փոփոխությունները, իշխանության փոփոխականությունը, ժողովրդավարական արժեքները շատ մոտ են ինձ և Ալյոնային: Մենք մեծ հույսերով էինք հետևում հայաստանյան նորություններին, կարծիքներ փոխանակում ընկերների հետ: Ես շփվել եմ ընկերոջս՝ Սերժ Թանկյանի հետ, երբ նա Հայաստան էր ժամանել՝ սատարելու նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Յանը:

Նա հայտնել է, որ ՀՀ կրթության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները, այդ թվում «Այբի» հետ կապված, խորապես զարմացրել են իրենց:

«Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը «Այբ» հիմնադրամի հանդեպ, ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել ՀՀ կրթական նախագծերում նվիրատվություններ անելու մեր պլանները»,-ասվում է Դավիթ Յանի գրառման մեջ:

Յանը հույս է հայտնել, որ կրթության նախարարը մանրակրկիտ կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կվերանայի իր դիրքորոշումը:

Դավիթ Յանը հայտնի գործարար է, ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիրը։ Նա ծնվել և մեծացել է Հայաստանում: ABBYY ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն՝ 130 երկրներից։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը:

Դավիթ Յանը «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից է, ABBYY, iiko, Platius, Findo ընկերությունների հիմնադիրը, ինչպես նաև մասնակցել է «ԹՈՒՄՈ» նախագծին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am