Մշակույթի նախարարությունը «սիրելիներ» չի ունենա

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի դաշտում հավասարություն լինի։

Հայաստանի մշակութային դաշտի խնդրահարույց հարցերից մեկը հավասարության սկզբունքի պահպանումն է։ Այսօր լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Շատ խնդրահարույց է հավասարության դաշտը, օրինակ` դրամաշնորհներ տրամադրելու սկզբունքներն ու մեխանիզմները։ Պատրաստվում ենք տարբերակներ ու մեխանիզմներ մշակել, որպեսզի որևէ մեկը չունենա այն մտավախությունը, թե ինչ-որ մեկին դրամաշնորհ տրամադրելու հարցում պետական հովանավորչություն է լինելու»,- նշեց նա։

Նախարարի խոսքով` որոշակի խնդիրներ կան օրենսդրական դաշտում, օրինակ` կինոյի հետ կապված խնդիրը։

«Հենց այսօր հանդիպում եմ ունեցել կինոգործիչների հետ, նրանք ներկայացրել են իրենց նախագծի առաջարկը։ Բոլոր առաջարկները ներկայացվում են համապատասխան բաժին, որը եզրակացություն է տալիս, այնուհետև կունենանք բաց քննարկում և, ըստ դրա, կորոշենք, թե ինչ ընթացք է լինելու»,- ասաց Մակունցը։

Նա խոսեց նախ անտեսված գործիչների մասին` նշելով, որ դա ամենակարևոր խնդիրներից մեկն է։

«Ոչ միայն կինոյի դաշտում, այլ մշակույթի ոլորտում ընդհանրապես կան անտեսված գործիչներ։ Պետք է հասկանալ, թե ինչպես ենք թափանցիկություն ապահովելու, որպեսզի չլինի այնպես, որ մեկ կազմակերպություն կամ մեկ անձ ունենա պետական սուբսիդիաներից օգտվելու հնարավորություն, իսկ մյուսները չունենան»,- ասաց նա։

Նախարարը խոստացավ` հնարավորին ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան մշակել այդ մեխանիզմը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am