Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:Կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի ԶՈՒ-ին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով: Մինչ այդ նա 2015 թ. հունիսի 15-ից զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Աղբյուրը՝ armenpress.am