Փաշինյանն աշխատանքից ազատել է «Սերժի Վաչոյին»

ՀՀ վարչապետ Փաշինյանն աշխատանքից ազատել է նախկին նախագահի հավատարիմ թիկնապահի համբավ ունեցող Վաչագան Ղազարյանին։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքից ազատվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիկնապահը`Վաչագան Ղազարյանը։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն` նա ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Հետաքրքրական է, որ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի 2-րդ մասի` «Ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնին նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ»:

Այսպիսով, այս որոշումը փաստորեն ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանն ու ՀՀ վարչապետ Փաշինյանը միասին են կայացրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am