Հայաստանում չկա 10 միլիարդ դոլար, որ դուրս էլ գա. ԿԲ նախագահը՝ ֆինանսական արտահոսքի մասին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի արած հայտարարություններից: Մասնավորապես, Վանեցյանը ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ սկանդալային բացահայտումներ են սպասվում, ասել էր, որ դեմ է չարաշահումներ իրականացրած մարդիկ հայտնվեն ճաղերի հետեւում, եւ որ ավելի լավ է գումարները վերադարձնեն:

Ջավադյանը նշեց, որ քննություն է իրականացվում ու դրա մասին պատկան մարմինները` ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական կոմիտեն եւ այլն կհայտարարեն:

«Մենք այդ հարցերով չենք զբաղվում: Ինչ վերաբերվում է մեր կողմից տարվող ինֆորմացիոն փոխանակմանը, ապա մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակվում է, բայց հայտարարություններն ավելի շատ վերաբերվում էր տեռորիզմի ֆինանսավորմանը, փողերի լվացման ոլորտին, որեւէ ինֆորմացիայի այդ մասով մենք չենք տիրապետում»,- ասաց նա:

Հարցին` տրամաբանակա՞ն է, որ երկրից 10 մլրդ դոլարի չափ գումար է դուրս եկել, Ջավադյանն ասաց. «Իհարկե՝ ոչ, այս երկրում չկա 10 մլրդ դոլար, որ դուրս էլ գա: Դուք հավատու՞մ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, որ ունի այդքան գումար, ունի՞ միլիարդներ»:

Դիտարկմանը` ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսմեններ, նա ասաց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:

Հարցին էլ իշխանափոխությունից հետո, արդյո՞ք նկատվում է կապիտալի արտահոսք, նա ասաց, որ կանխիկ փողերի արտահոսքը ՀՀ-ից օրենքով է արգելված:

«Օրենքով կա արգելք կանխիկ արտահոսքի: Մենք ունենք սահմանափակում, իսկ ոչ կանխիկ ձեւով արտահոսքը մեր կողմից քիչ թե շատ հսկվում է, մենք դա տեսնում ենք»,- ասաց նա:

Հարցին` այս պահին հեղափոխությունը որեւէ դրական ազդեցություն գործե՞լ է բանկային համակարգի վրա, Ջավադյանն ասաց.

«Իհարկե գործել է, ձեր կյանքի վրա, որ դուք տենց հարցեր եք տալիս: Բայց ես ասեմ` բանկային համակարգն է նաեւ դրական ազդեցություն ունեցել այդ գործընթացի վրա, ֆինանսական կայունություն է եղել: Մենք ունեցել ենք ֆինանսական կայուն վիճակ»:

Աղբյուրը՝ armtimes.com