«Խաղ պետք է անենք, մինչեւ հասնենք խորհրդարանական ընտրությունների»

Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ երկրում ստեղծված իրավիճակն աննախադեպ է: «ՀՀԿ-ն կարծում է, որ նախորդ ընտրություններին 750 հազար ձայն է իսկապես ստացել, ավելի ճիշտ այդպես էին հայտարարում, սակայն պարզվեց, որ դրանք իրական ձայներ չէին, դժգոհությունը շատ էր: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ խաղ պետք է անենք, մինչեւ հասնենք խորհրդարանական ընտրությունների»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Ինձ թվում է, որ անընդհատ խնդիրներ կլինեն ԱԺ-ում օրենսդրական անհրաժեշտ նախագծերը անցկացնելու հետ կապված։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, դա ևս կախված է նրանից, թե ինչ խոչընդոտներ կստեղծի ՀՀԿ խմբակցությունը։ Դա, իհարկե, ժամանակավոր է»,-նշեց Իգիթյանը:

Իսկ նոր կառավարության կազմի վերաբերյալ Իգիթյանը նկատեց. «Այն մթնոլորտը, որում ձևավորվել է այս կառավարությունը, պետք է այդ մթնոլորտում աշխատի: Պետք է հնարավորություն տանք Նիկոլ Փաշինյանին իր պատկերացրած թիմով անել այն, ինչի մասին ինքն ասում էր և իրականացնել այն սպասելիքները, որը բոլորս միասին հրապարակում ունեցել ենք և իր առջև դրել ենք որպես ժողովուրդ։ Այդ անձինք իրենց ապրած կյանքով պետք է մաքուր լինեն։ Եթե կան մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ են, պետք է հեռացվեն»,-կարծում է Իգիթյանը:

Աղբյուրը՝ henaran.am