Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարությունից

Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։

Դիտարկմանն՝ ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսեւորումները բացառելու համար, Բաբլոյանն ասաց. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը, Արա Բաբլոյանն ասաց. «Դեռ կքննարկենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում եւ շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: Նա նշել էր, որ պետք է գտնեն լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն, «ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:

Աղբյուրը՝ henaran.am