«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, չի դադարեցրել իր աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստեցին հիմնադրամի գործադիր տնօրեն Վերժինե Ոսկանյանը և հոգաբարձուների խորհրդի անդամները:
Ըստ Վերժինե Ոսկանյանի՝ այսօրվա ասուլիսն էլ հրավիրված էր պարզաբանելու ստեղծված իրավիճակը և հերքելու մամուլում հիմնադրամի մասին տարածվող թյուր տեղեկությունները:
Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որը տասը տարի օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ հիվանդություններ ունեցող երեխաներին է աջակցել, և որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը Ռիտա Սարգսյանն է, դադարեցնելու է իր գործունեությունը: Հրապարակումներում կային ենթադրություններ, որ կառույցի դադարեցման պատճառը քաղաքական վերջին փոփոխություններ են:
Հիմնադրամի գործադիր տնօրենը լրագրողներին ներկայացրեց՝ իրենք որոշել էին ժամանակավորապես սառեցնել հիմնադրամի գործունեությունը, քանի որ երկրում եղած փոփոխությունների արդյունքում պետք է վերանվանվեին գումար հանգանակելու մեթոդները: Իսկ սառեցնելով` իրենք, ըստ Վերժինե Ոսկանյանի, մտադիր չէին պարզապես ժամանակավոր դադարեցնել նոր շահառուների գրանցումը: Սակայն իրենց գործունեության դադարեցման շուրջ բարձրացված աղմուկը պատճառ դարձավ, որ, այնուամենայնիվ, նրանք շարունակեն իրենց աշխատանքը:
«Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի անդամներից «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն էլ ներկայացեց, որ իրենք, երկրում եղած փոփոխությունները հաշվի առնելով, քննարկել էին և հասկացել՝ քանի որ առաջին տիկինն այլևս Ռիտա Սարգսյանը չէ, պետք է այլևս հոգաբարձուների պատվավոր նախագահ չլինի:
Ռիտա Սարգսյանը՝ առաջին տիկնոջ կարգավիճակով, ամեն տարի նամակներ էր ուղարկում գործարարներին՝ աջակցություն խնդրելով հիվանդ երեխաների համար: Այդ գումարը, ըստ նրա, «Նվիրիր կյանքի» հանգանակած գումարի երեսուն տոկոսն էր կազմում, և դրանով հոգում էին շտապ բժշկական միջամտության անհրաժեշտություն զգացող երեխաներին: Շուշանիկ Արևշատյանը նշեց, որ իրենք մտածել են՝ արդեն ներկա կարգավիճակով Ռիտա Սարգսյանը գուցե նույն ազդեցությունը չունենա գործարարների վրա: «Մենք որոշել էինք երկու ամսով դադարեցնել մեր աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է աշխատենք»,- ասաց նա:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից պուլմոնոլոգ, Հայաստանի Սպելեոթերապևտիկ կենտրոնի գլխավոր տնօրեն Անդրանիկ Ոսկանյանն էլ նշեց, որ աշխատելու են, դեռ շատ կան հիվանդ երեխաներ, որոնք կարիք ունեն օգնության:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից արվեստագետ Մարինե Ալեսն էլ նշեց. «Մենք պատասխանատու ենք այդ երեխաների առջև: Մենք հանրային անուն ունենալով, լինելով բոլորս ինչ-որ կյանք անցած մարդիկ՝ ասել ենք, որ պատասխանատու ենք, կօգնենք այդ երեխաներին, ծնողներին»:
Շուշանիկ Արևշատյանը պարզապես կոչ արեց դադարեցնել տհաճ քննարկումները, նկատեց, որ ամեն բառից կարող է մի ընտանիք կամ երեխա տուժել: «Եկեք չքաղաքականացնենք բարեգործությունը»,- ասաց նա:
Աղբյուրը՝ tert.am