Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազանով

«Դա ակնհայտ սուտ է, ապատեղեկատվություն, զառանցանք: Ես, իմ ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները`Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս ոչ միայն կղզի, ոչ միայն որեւէ անշարժ գույք, այլ նույնիսկ կատու չունենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, մամուլում եւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ օրեր առաջ հունական անվանի անշարժ գույքի «Իլեպոս» գործակալությունը, որը հիմնականում սպասարկում է մեծահարուստների անշարժ գույքի առք եւ վաճառքը, Հունաստանում, վաճառքի է հանել Հունական ծովում գտնվող սքանչելի կղզիներից մեկը։ Ըստ «Պրիմոս» ամսագրի տվյալների կղզին պատկանում է ոմն հայ գործարարի։ Հայկական լրատվամիջոցները գրել են, որ իրենց տեղեկություններով այդ կղզին պատկանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աներորդուն։ Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ ինքն աներորդի չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/