Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ու հեռացավ

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների թիվը հասել է 175-ի ։ Նալբանդյանն ամփոփել է պաշտոնավարման 10 տարին։

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է նախկին աշխատակիցների հետ, ամփոփել արվածն ու շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նալբանդյանը հատկապես առանձնացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի ունեցած կոնցեպտուալ փոփոխությունները։

«Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը»,- ասել է Նալբանդյանը:

Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կիսում են այս տեսակետը և դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում:

Նախկին նախարարի խոսքով` հենց վերջին տարիներին է, որ եռանախագահները սկսել են հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով։

«Տապալվելով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանը նոր ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ դրա միջոցով փորձելով կարգավորման իր մոտեցումները պարտադրել բանակցային գործընթացում։ Բաքուն կրկին տապալվեց, ինչի ապացույցն են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարությունները»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին` Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին 10 տարիների ընթացքում հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից: Այդ ժամանակահատվածում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ավելացել է շուրջ մեկ տասնյակով, իսկ տարբեր միջազգային կառույցների և երկրների վարչական միավորների թիվը՝ մի քանի տասնյակով:

Նալբանդյանը նշում է, որ վերջին տասնամյակում ՀՀ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում է եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնվածներին օգնության տրամադրումը։ Դրա վառ օրինակը, նրա խոսքով, սիրիահայությանը ցուցաբերվող համակողմանի աջակցությունն է։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերջին տասնամյակի ձեռքբերումներին, Նալբանդյանը հիշեցրել է, որ 2010թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին արձանագրությունը, որով նախատեսում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, հանդես է գալու Հայաստանի անվտանգության երաշխավոր և այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է ժամանակակից սպառազինություններ, ինչպես նաև հատուկ ռազմական տեխնիկա։

Վերընթաց զարգացում են ապրել նաև դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եղել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը:

«2015թ.-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է ռազմավարական ու տնտեսական շահերից և լայն հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևորագույն հանգրվաններից դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Նալբանդյանը։

Նախկին նախարարը կարևորել է նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի, Իտալիայի, արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, սկանդինավյան ու եվրոպական այլ երկրների հետ ավանդական բարեկամական գործընկերության ամրապնդումը, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Կորեայի հետ հարաբերությունների խորացումը Ասիական տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, աֆրիկյան ու արաբական աշխարհի երկրների հետ գործնական փոխգործակցության ծավալումը:

Նալբանդյանն ընդգծել է նաև Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունները։

Նա նաև նշել է, որ հունիսին Երևանում նախատեսված է անցկացնել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, հոկտեմբերին` Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը։

Ամփոփելով 10-ամյա դիվանագիտական աշխատանքը` Էդուարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը հիմնել է շուրջ երկու տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություն, Հայաստանում բացվել են տասնհինգ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների թիվը հասել է 175-ի: Հայաստանի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին հասել է շուրջ հարյուրի: Ստորագրվել է շուրջ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Իրականացվել են մի քանի հարյուր բարձրաստիճան փոխայցեր:

«Հսկայածավալ աշխատանք է թաքնված այս, առաջին հայացքից, չոր թվերի ու փաստերի հետևում, ինչ մեծ ջանքեր են դրանք պահանջել մեզնից: Այս ամենը անհնար կլիներ առանց մեր ողջ անձնակազմի տքնաջան ու անձնվեր աշխատանքի»,- ասել է Նալբանդյանը` շնորհակալություն հայտնելով նախկին աշխատակիցներին։

Նա նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին ու բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ ու ձեռքբերումներ` ի փառս Հայաստանի ու հայ ժողովրդի:

Աղբյուրը՝ armeniasputnik.am