Լ. Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում դարձան իր հրաժարականի պատճառ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցի ընթացքում արտահայտած մտքերից մեկին ու ՊՆ արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ այդ խոսքերի հակադարձումներին, ներկայացրել էր իր կարծիքն ու հիմնավորումները, համաձայն որոնց, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այդ հարցում ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանն անտեղյակ նախարար է եղել:

ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը.

«ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ, ՀԱՅՏՆԻ Է ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԴՐԱՆՑ

Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի եւ իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Կարեւորել եւ կարեւորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձեւավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային եւ նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում:

Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից եւ ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաեւ հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ եւ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:
Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, եւ, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից:

Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես, արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»:

Աղբյուրը՝ armtimes.com