Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ.
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձեւավորելու նպատակով՝ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաեւ ես»,- գրել է Ֆելիքս Ցոլակյանը:
Նշենք, որ մայիսի 11-ին, Ֆելիքս Ցոլակյանը նույն հարթակում գրել էր. «Հարգելի հայրենակիցնե՛ր,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, արհեստականորեն թեժանում են: Ինչպես եւ խոստացել էի՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ծանոթանալով համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես եմ եկել հայտարարությամբ, որով միջնորդել եմ ռեկտորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը քննարկելու համար՝ սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել եմ խորհրդի քարտուղարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:
Ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այս պահը ոչ մի կողմից չենք ստացել որեւէ առաջարկ: Այս լռությունը, թերեւս, փաստում է, որ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի, որը, բնականաբար, կապված է սույն թվականի մայիսի 1-ին իմ արտահայտած դիրքորոշման հետ: Բացի այդ, քաղաքական խաժամուժին սպասարկող ողջ լրատվավերլուծական դաշտը առանց խնդրի իսկությունը ճշտելու, շրջանցելով իմ հայտարարությունը՝ լծվել է իմ անունը սեւացնելու գործին: Մեկ բան ակնհայտ է՝ չարախոսելով եւ պատվեր կատարելով քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերը պատիվ չեն բերել եւ ոչ մեկին:
Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ վերստին նշել, որ անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, թե ովքեր են կանգնած իմ անունը արհեստականորեն այս իրավիճակի հետ կապելու եւ ինձ սեւացնելու ակունքներում՝ իմ դիրքորոշումը հստակ է, այն ուղղված է եղել հանրապետությունում լարված իրավիճակը թոթափելուն, որի համար չեմ զղջում: Ես իմ խղճի առջեւ ազնիվ եմ, ինչը գոնե ինձ ճանաչողները լավ գիտեն: Խոհեմություն եմ մաղթում բոլորին»։