«Նա լինելու է փոքրամասնության վարչապետը». Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե առանց ընդդիմության ինչպե՞ս կարող է ԱԺ-ն աշխատել՝ պատասխանեց, որ ժողովրդական լեզվով ասած՝ ձուկը ջրում՝ խոսակցություն չեն անի. «Ամսի 8-ին պարոն Փաշինյանը, հուսով ենք, կընտրվի վարչապետ, դրանից հետո կխոսենք բոլոր հարցերի վերաբերյալ: Ըստ էության, ֆորսմաժորային իրավիճակ է, այսինքն՝ պարզ չէ ով է կայուն մեծամասնությունը, պարզ չէ՝ ինչ է կատարվում, բայց միջազգային պրակտիկայում կա հետեւյալ օրինակը, որ նա լինելու է փոքրամասնության վարչապետը: Այսինքն, երբ 3 ուժեր նրան առաջադրել են եւ 4-րդ ուժն ունի այս պահին մեծամասնություն, ինչ-որ իքս ձայնով աջակցում են, որ ունենա երկիրը վարչապետ եւ ձեւավորվում է կառավարություն: Դա կոչվում է փոքրամասնության կառավարություն, որը, գիտենք, ժամանակավոր բնույթ է կրում»:

Նա ասաց, որ փոքրամասնության կառավարությունը կարող է խնդիրներ լուծել, առաջին խնդիրը՝ «Ընտրական օրենսգիրքը» փոխելն է ու պատրաստելը ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ մինչ այդ նաեւ երկրում կայունություն եւ զարգացում ապահովել:

Եթե սա փոքրամասնության կառավարություն է, ինչպե՞ս են հաջողելու «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններն անցկացնել՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Դա բանակցությունների արդյունք է: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, անհնար բան չկա, բանակցությունների արդյունքում հնարավոր է նաեւ հասնել սահմանադրական օրենքի փոփոխությունների, այլապես ճգնաժամը կշարունակվի»:

Նա ասաց, որ ԱՄՆ-ում շատ է եղել, երբ երկրի ղեկավարը կորցրել է մեծամասնությունը սենատում, նա սկսել է օգտագործել գործադիր իշխանության ուժը. «Փաշինյանի կառավարությունը կարող է փոփոխություններ անել առօրյա կյանքում չգալով խորհրդարան»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ «Ելք» խմբակցության անդամները ընդհանուր հայտարարի չեկան փողոցային պայքարի հարցում, հնարավո՞ր է, որ արդեն խորհրդարանական աշխատանքում չկարողանան համատեղ աշխատել՝ այս իրավիճակից հետո՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես չէի շտապի այդպիսի հայտարարություններ անել, քանի դեռ մենք նման քննարկումներ չենք ունեցել: Ես կարծում եմ, մենք դեռ երկար գործ ունենք անելու»:

Մեր հարցին՝ խորհուրդներ են տալիս, որ «Ելքը» կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, դա ինչքանո՞վ է հնարավոր՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես չունեմ այդպիսի տեղեկատվություն, ես խոսեցի փոքրամասնության կառավարության մասին: Որեւէ այդպիսի քննարկման չեմ մասնակցել: Դա, կարծում եմ, ըստ էության, Փաշինյանի ընտրվելուց հետո կքննարկվի: Այն, որ ՀՀԿ-ի ձայներն անհրաժեշտ են Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկելու եւ այլ օրենքներ ընդունելու, դա միանշանակ է: Ինչպես ենք մենք բանակցություններով գալու դրան՝ դա էլ կյանքը ցույց կտա»:

Աղբյուրը՝  aravot.am