Վերջին օրերին Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից հայեր` սատարելու հեղափոխություն իրականացրած իրենց հայրենակիցներին: Այն, ինչ կատարվեց մեր երկրում վերջին օրերին, կարևոր էր ոչ միայն տեղի հայերի, այլ նաև ողջ սփյուռքի համար: Araratnews.am-ը զրուցել է այս օրերին ԱՄՆ-ից Հայաստան եկած սպորտի վարպետ Հովիկ Թադևոսյանի հետ:
Հովիկ, քանի՞ տարի է, որ ԱՄՆ-ում եք, և ի՞նչ գործունեություն եք այնտեղ ծավալում:
12 տարի արդեն ԱՄՆ-ում եմ, հայ համայնքում սպորտի կենտրոն ունեմ`Sfc FightClub-ը որտեղ մարզվում են տարբեր տարիքային խմբերի երեխաներ՝ 3 տարեկանից սկսած, մեծահասակներ, նաև ունենք խմբեր, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի առողջ մարմին ունենալու համար: Մեր մարզասրահում մենք բոլոր մարզասարքերն ունենք, որոնք անհրաժեշտ են մեր հաճախորդներին մարզվելու համար:
Միայն հայե՞ր են մարզվում ձեզ մոտ, թե՞ նաև այլազգիներ կան:
Մենք 500-ից ավելի հայ ընտանիքներ ունենք, ովքեր մարզվում են մեզ մոտ, բայց, իհարկե, նաև ամերիկացիներ և ուրիշ ազգերից հաճախորդներ ունենք:
Դուք մինչև ձեր մարզասրահն ունենալը աշխատել եք նաև Գոռ Վարդանյանի հետ, հիմա շարունակվո՞ւմ է ձեր համագործակցությունը:
Ես իր մոտ պարապել եմ, բայց արդեն 5 տարի է` իր հետ կապ չունեմ, մեր դպրոցներն էլ իրար հետ կապ չունեն, ես ստեղծել եմ իմ ակումբը, որը նոր ոճով է առաջ շարժվում:
ԱՄՆ-ի հայ համայնքում ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրվածությունը Հայաստանում տիրող իրավիճակի նկատմամբ:
Հայ համայնքը շատ ոգևորված է: Գլենդելում էլ էին հայերը հավաքվել, որը բոլորիս համար զարմանալի էր, որ այդքան շատ հայերով կարող էինք միանալ:
Ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան:
Ինչպես ասացի՝ ԱՄՆ-ում մեր հայերը տիրող իրավիճակով շատ ոգևորված են, բոլորն ինձ ասում էին՝ իրենց անունից գամ այստեղ ու ժողովրդին փոխանցեմ, որ իրենք Հայաստանի կողքին են: Շատ ոգևորված եմ եկել Հայաստան, նման բանի առաջին անգամ եմ մասնակցում, ու ինձ համար շատ զարմանալի և ուրախալի է, որ հայերն այսպես կարողանում են միավորվել:
Ասացիք, որ 12 տարի Հայաստանում չեք եղել, ի՞նչ փոփոխություններ նկատեցիք այստեղ, որ առաջ չկային:
Մարդկանց դեմքին հիմա ժպիտ կա, ճանապարհ են տալիս, նայում են դեմքիդ ու ժպտում են, լարված, ագրեսիվ չեն, դրա համար ես շատ ուրախ եմ:
Նման իրավիճակներում որքանո՞վ է կարևոր սփյուռքի աջակցությունը Հայաստանին:
Սփյուռքը շատ է ուզում աջակցել Հայաստանին, բոլորս ուզում ենք գալ այստեղ: Շատերը միշտ ինձ ասում էին՝ ուզում ենք գնալ Հայաստան, բայց ինչ-որ բան պահում էր, խանգարում, հիմա ուրախ եմ, որ եկել եմ այստեղ:
Հիմա ժամանակավոր եք եկել, հնարավո՞ր է մի պահ գա, որ որոշեք վերադառնալ Հայաստան` այստեղ ապրելու համար:
Շատ հնարավոր է, հիմա արդեն մտածում եմ, թե ինչ կարելի է անել Հայաստանում, որ կարողանանք այստեղ էլ նույն կենտրոնը բացել, և այն գիտելիքները, որ ԱՄՆ-ում ստացել ենք, բերենք այստեղի մարզիկներին փոխանցենք, սեմինարներ կազմակերպենք:
Ինչպիսի՞ն էր ԱՄՆ-ի իշխանությունների, ոստիկանության վերաբերմունքը, երբ տեղի հայերը ցույցեր էին կազմակերպում, որևէ միջադեպ եղե՞լ է:
Ոչ մի խոչընդոտ չի եղել, ես ոստիկան ընկերներ ունեմ, իրենք էլ էին զարմացել, թե ինչ է կատարվում, որովհետև այնտեղ էլ էին տեղի հայերը փողոցներ փակում, ցույցեր անում: Դա շատ հետաքրքիր էր, հայերն այնքան հպարտությամբ էին դուրս եկել, որ չէին վախենում փողոց փակել: Ու որքանով ես գիտեմ՝ ոչ մեկին չեն նեղացրել, ոչ ոք չի տուգանվել:
Այս օրերից ձեզ հետ ի՞նչ զգացողություններ եք տանելու Հայաստանից:
Ես շատ հպարտ եկել եմ, հպարտ էլ գնում եմ, ուրախ եմ, որ եկել եմ ու հիմա այստեղ եմ:
Սփյուռքում հավատո՞ւմ էին, որ հնարավոր է Հայաստանում հեղափոխություն լինել:
Իմ կողքի մարդիկ միշտ ասում էին՝ հնարավոր չէ, որ նման բան լինի, անհնար է, ժողովուրդը միասնական չի լինի, բայց տեսեք` ոնց միավորվեցինք ու ինչերի ենք հասնում: Կարևորը մեր միասնությունն էր, մեր հայ ժողովուրդը վերջապես միացավ իրար, ու բոլորս հիմա իրար հետ ենք: Երբ կառավարությունը հրաժարական տվեց, այստեղ ԱՄՆ-ում աննկարագրելի բան էր կատարվում, բոլորն իրար շնորհավորում էին, ոնց որ ծնունդ լիներ:
Այսօր էլ այստեղ հրապարակում եմ լինելու, ո՞նց կարող ենք չտոնել այդ ուրախությունը: