«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակ է

Երևանի տարբեր հատվածներում մայիսի 2-ի վաղ առավոտից մեկնարկել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակել են մի խումբ քաղաքացիներ: Նրանց շարքում են աշակերտներ, ովքեր հայտարարել են, որ դասադուլ են անում և միանում են բողոքի ակցիային: Շատ զբոսաշրջիկներ իրենց ճամպրուկներով ոտքով են շարժվում դեպի օդանավակայան:

Դեպի օդանավակայան տանող խաչմերուկում կուտակված մեքենաների վարորդների և ճանապարհը փակած քաղաքացիների միջև անգամ տեղի ունեցավ թեթև քաշքշուկ: Մի մեքենայի վարորդն ու ուղևորները պահանջում էին բաց անել ճանապարհը՝ նշելով, որ կարևոր գործեր ունեն: Փոքր վիճաբանությունից հետո նրանց հաջողվեց հեռանալ խաչմերուկից: Ճանապարհահատվածում զգալի թվով ոստիկաններ են կուտակված:

Փակված է նաև Աշտարակից դեպի Երևան եկող ճանապարհը:

Բողոքի ակցիաներ են մեկնարկում նաև Երևանի այլ հատվածներում, մասնավորապես Աբովյան փողոցում, Դավթաշենի կամրջի մոտ, փակ են Նոր Նորք վարչական շրջանի մի քանի փողոցներ:

1in.am