Աշխարհահռչակ հայազգի ռոք երգիչ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ չի կարողացել Հայաստան գալ՝ հիվանդության պատճառով:
Հայտնի երաժիշտը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությանը տված իր մեկնաբանությունը՝ գրելով. «Ինչպես կարող եք հասկանալ իմ ձայնից՝ ես իսկապես հիվանդ էի և չէի կարող ճանապարհորդել: Փորձում եմ կազդուրվել, որպեսզի մոտ ժամանակներս կարողանամ Հայաստան այցելել»:
«Ես ցնծության մեջ էի, այնպիսի թեթևություն զգացի, որ այլևս չկան ձերբակալություններ և արյունահեղություն, որ ամեն ինչ խաղաղ անցավ: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունները, իմ հիվանդ ձայնից չի երևում, բայց ես շատ ոգևորված եմ»,- ասել է Սերժ Թանկյանն «Ազատություն» ռադիոկայանին:
Նա նշել է, որ պետք է շարունակել պահանջատեր լինել, ինչպես նաև հարկավոր է բարեփոխումների փաթեթ իրականացնել:
«Հարկավոր է ազատ արձակել ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածներին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին: Եվ կարծում եմ՝ պետք է մտածել ապագա խորհրդարանական ընտրությունների մասին, որովհետև մենք գիտենք, որ անցած տարի անցկացված խորհրդարանական ընտրություններն այնքան էլ թափանցիկ չէին: Դա երկար գործընթաց է, և ես կարծում եմ՝ պետք է շարունակել ճնշում գործադրել, մինչև մարդիկ չզգան, որ իրենց բոլոր պահանջները կատարվել են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում անցկացված բողոքի ցույցերի մասնակիցները խնդրել էին Սերժ Թանկյանին գալ Հայաստան և աջակցել ցուցարարներին:
Աղբյուրը՝ tert.am