դեկտեմբերի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ներկա լինելու հիմնովին վերանորոգված մաշկավեներաբանական բաժանմունքի վերաբացմանը:
Նրանք ծանոթացան բաժանմունքի շենքային պայմաններին, գնահատեցին կատարված աշխատանքը, զրուցեցին բուժանձնակազմի և բուժում ստացող զինծառայողների հետ, հետաքրքրվեցին նրանց բուժման ընթացքով, ապա շրջեցին նաև մյուս բաժանմունքներում:
– ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքը միակն է ՀՀ Զինված ուժերում: Վերանորոգումից հետո այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին,- ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:- Սա ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի՝ այս տարվա ընթացքում հիմնովին վերանորոգված երկրորդ մեծ բաժանմունքն է: Այսօր բաժանմունքն ունի բոլոր հնարավորությունները՝ ընդունելու մաշկային տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդների և կազմակերպելու անհրաժեշտ բուժսպասարկում:
Կամավոր Խաչատրյանը նշեց, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվել. ծրագրված է առաջիկայում վերանորոգել հոսպիտալի վիրաբուժության, վերակենդանացման բաժանմունքները, վիրահատարանը, ռենտգեն կաբինետը: Դրանք հագեցած կլինեն ոչ միայն բժշկական ժամանակակից միջոցներով, նորագույն սարքավորումներով, այլև բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող բուժանձնակազմով:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանը, մաշկավեներաբանական բաժանմունքը հոսպիտալում գործում է 1998 թվականից և տարիների ընթացքում համագործակցելով հանրապետության բուժհաստատություններում գործող մաշկային բաժանմունքների, դրանց պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ զգալի աշխատանք է կատարել և այսօր էլ լավագույնս լուծում է իր առջև դրված խնդիրները:
-Բաժանմունքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս մեզ մշտապես աջակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը: Մեզ համար չափազանց կարևոր է և ոգևորիչ մշտապես արժանանալ գերատեսչության ղեկավարի աջակցությանը: Պաշտպանության նախարարն այսօր գոհ էր կատարված աշխատանքից:
ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներաբանական բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար, բ/ծ կապիտան Արփինե Մաթևոսյանը համոզված է, որ նոր վերանորոգված, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, լուսավոր ու տաք հիվանդասենյակները դրականորեն են ազդելու հիվանդների ինքնազգացողության վրա:
– Համոզված եմ՝ բուժանձնակազմը ևս ծառայելու է ավելի մեծ եռանդով. ունենալով բուժծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ լավագույնս կազմակերպելու է հիվանդների բուժման ընթացքը և ճանապարհելու է նրանց լիովին ապաքինված:
Այցելության ավարտին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը շնորհավորեց և խաղաղ ծառայություն մաղթեց հոսպիտալի բուժանձնակազմին: