Դիրքերում զինծառայողը կրակահերթ է արձակել լեյտենանտի ուղղությամբ՝ նրան շփոթելով հակառակորդի հետ

20-ամյա զինծառայողն ամբաստանվում է մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես, դիրքերում  ծառայություն իրականացնելու ժամանակ պայմանագրային զինծառայողին թվացել է, որ իր ուղղությամբ հակառակորդ է մոտենում և կրակահերթ է արձակել նույն զորամասի լեյտենանտի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է:

Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ թիվ N զորամասի զինծառայող, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելիս, նկատելով խրամուղով դեպի իրեն մոտեցող մարդու կերպարանքը, դիրքավորվել է պաշտպանության համար նախատեսված խրամաբջջում և ենթադրելով, որ մոտեցողը հակառակորդի զինծառայող է, առանց նշանաբառը  պահանջելու լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգն ու կրակահերթ արձակել կերպարանքի ուղղությամբ, որի հետևանքով լեյտենանտ Կ. Գրիգորյանը ստացված հրազենային վնասվածքից վիրավորվել ու մահացել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

www.asekose.am