«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանը (լուսանկարում) խոստովանել է՝ հիմնադրամի կողմից հավաքված ռեսուրսները ոչ նպատակային են ծախսվում Հայաստանում։ Այս մասին thetruthmustbetold.com կայքում գրում է ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը։ Վերջինս այս տարվա նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը նվիրված «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտության երրորդ մասն է հրապարակել, որում զետեղել է իր և Քոթանջյանի միջև 2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած մասնավոր զրույցը։
«Գիտես, Հիմնադրամի պատմության ընթացքում ինչ ասես՝ չի պատահել։ Անկեղծ, բացեիբաց խոսում եմ հետդ․ փողերը գողացել են, կերել, և այլն»,֊ Մանուկյանի փոխանցմամբ` իր հետ զրույցում խոստովանել է Քոթանջյանը։
Հրապարակված զրույցի հատվածներից մեկում անդրադարձ է կատարվում Հայաստանում իրականացվող ճանապարհաշինությանը։ «Օրինակ, եթե դուք փորեք Սևան֊Երևան մայրուղին, հանեք ասֆալտը, տակը բետոն կա։ Դա կոչվում է առաջնակարգ ճանապարհ։ Այն ճանապարհները, որ մենք (հիմնադրամը- խմբ․) կառուցում ենք Հայաստանում և Ղարաբաղում, առաջնակարգ ճանապարհներ չեն։ Դրանց տակ բետոն չկա, միայն՝ քարեր․ մի քանի շերտ քար, եթե պատշաճ կերպով են [կառուցում]», ֊ ասել է Քոթաջյանը։
Մանուկյանը նշում է, որ իրենք խոսել են նաև Հայաստանի դե֊ֆակտո իշխանությունների մասին, և Քոթանջյանն ասել է իրեն․ «Նրանք բոլորը չտեսի նման թալանում են»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնյան նաև կիսվել է Հայաստանի փրկիչ֊նախագահի իր պատկերացմամբ․ «Պիտի համարձակ տղա լինի։ ՇԱՏ համարձակ։ Միայն իսկապես համարձակ տղա է պետք, ով կգա ու կասի՝ «Ք․․․եմ մերներդ, հերիք ա ուտեք, խղճածեք էս մարդկանց»։
Արամ Մանուկյանը նշում է, որ զրույցի ընթացքում Քոթանջյանն իրեն բազմիցս խնդրել է չհրապարակել այն, և բացատրում հրապարակելու իր որոշման պատճառները․ «Ես հարգեցի գաղտինության վերաբերյալ նրա բազմաթիվ խնդրանքները, նույնիսկ երբ նա հակադարձեց իմ՝ ճշմարտությունը հանրայնորեն պատմելու հորդորին՝ «Ե՞ս՝ որպես հիմնադրամի պաշտոնյա՞։ Ձեռ ե՞ս առնում»։ Այնուամենայնիվ, հույս ունեի, որ մի օր պարոն Քոթանջյանն ինքը կգիտակցեր անկեղծության նշանակությունը։ Հույս ունեի, որ նա քայլեր կձեռնարկեր Հիմնադրամը կառումպացված կառավարությունից անջատելու ուղղությամբ։
Վերջին հինգ տարվա ընթացքում պարոն Քոթանջյանը ոչ միայն ժողովրդին չի պատմել ճշմարտությունը, այլև շարունակել է ստերի ու կեղծ ինքնությունների միջոցով մոլորեցնել հարյուր հազարավոր մարդկանց ու ստիպել նրանց վստահել ու միլիոնավոր դոլարների նվիրատվություններ անել իր կազմակերպությանը։
Ավելին, պարոն Քոթանջյանն անգամ չվարանեց սև քարոզչություն սկսել իմ դեմ։ Նախ նա «Պահակազոր» կեղծ անվան տակ փորձեց հեղինակազրկել «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտությունը։ «Կեղծ ինքնության տակ Սարգիս Քոթանջյանը, սուտ վկայություն տալով, գովաբանում ու խթանում էր «Հայաստան» հիմնադրամը»,֊ ասված է պարոն Քոթանջյանի տապալված փորձի վերաբերյալ իմ զեկույցում։
Երկրորդը, նա հանրայնորեն զրպարտեց ինձ՝ պնդելով, որ հետազոտության մեջ գրվածը սուտ է։ «Այս հետազոտությունը, կարելի է ասել, ամբողջովին հիմնված է բացառապես ընդդիմադիր թերթերի անհիմն հրապարակումների վրա»,֊ Գլենդեյլի «Հորիզոն TV»֊ի եթերում ասել է նա։
Երրորդը, պարոն Քոթանջյանն ու նրա ղեկավարը՝ պարոն Վարդանյանը (Հիմանդրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան֊ խմբ․), խախտեցին հիմնադրամի գործունեության վերաբերյալ ինձ հետ ուղիղ եթերում բանավիճելու իրենց խոստումը։
Պարոն Քոթանջյանն իր գործողություններով վիրավորել է գաղտնիության վերաբերյալ իր խնդրանքները հարգելու իմ որոշումը։ Կարծում եմ՝ ավելի լավ է հարգել հարյուր հազարավոր նվիրատուների՝ տեղեկացված լինելու իրավունքը, քան՝ նրանց անտեղյակությունից օգուտ քաղող մի շողոքորթի անազնվությունը»։
www.epress.am