Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Վերջին մոտ մեկ տարվա հայ – ադրբեջանական սահմանային լարված “շփումն” առավել սրվել է վերջին շաբաթում, մասնավորապես վերջին երկու օրերի ընթացքում, երբ թշնամին ինտենսիվ ռմբակոծում է հայկական բնակավայրերը, երբ կան զոհեր ու վիրավորներ խաղաղ բնակչության մեջ, զոհեր ու վիրավորներ կան նաև հայոց բանակում…

Սեպտեմբերի 25-ին 4 զինվոր է մահացել, որոնցից 2-ը  նոր էին զորակոչվել ու երդվել` “Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը”, խեղճ երիտասարդները չհասցրեցին էլ հասկանալ ծառայության էությունը, թշնամու գնդակը ազդարարեց նրանց ծառայության սկիզբն ու ավարտը:

Լրատվամիջոցները վերջին երկու օրերի համար նշում են զոհվածների և վիրավորների թվեր, որոնք, ըստ որոշ աղբյուրների, տարբեր են իրականությունից: Գրեթե նույն պատկերն է նաև հարևան կարգազանց պետության մոտ, մեր ունեցած տվյալները և իրենց պաշտոնական հայտարարությունները չեն համապատասխանում իրար:

Այս օրերին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով, Ադրբեջանը նախահարձակ է լինում, ավելին, իր գործողությունները տարածում նաև խաղաղ բնակչության վրա:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ խաղաղ ճանապարհով համակարտության լուծումն, ավաղ, երազանք է մնում:

Արդյո՞ք սա պատերազմի վերսկսման ահազանգ չէ, երբ ականների և ռումբերի ձայների տակ տարիներ շարունակ ապրող բնակչությունը սկսում է նորից զգալ ձայները շատ մոտ, սեփական տանիքի վրա կամ բակում:

Արդյո՞ք ժամանակը չէ հայտարարություններից գործողությունների անցնելու. ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ, ինչպես նաև այլ քաղաքական այրեր հայտարարում են, որ պատրաստ են արժանի հակահարված տալուն, որ թշնամին կստանա համարժեք պատասխան:

Անշուշտ, պատերազմը մեր շահերից չի բխում` նորից ավերածություններ, նորից զոհեր` անմեղ զոհեր, խաղաղ բնակիչներ, նորից հայ գյուղացու ընտանիքի պառակտման վտանգ /առանց այդ էլ սահմանամերձ գյուղերում այսօր մնացել են միայն տարեցները և կանայք/: Եթե այն ժամանակ խաղաղ բնակիչներն էլ զենքները ձեռքերին դարձան հայ զինվոր ու ֆիդայի, կանգնեցին կռվողների կողքին, այսօր ո՞վ է միանալու սահմանում ծառայող զինվորներին` կանա՞յք, թե՞ տարեցները:

Պատերազմն իր հետ նոր բացասական երևույթներ է բերում, և դա կազդի արտաքին, ներքին, սոցիալական և տնտեսական քաղաքականության վրա:

Ցավոք, պատմությունը ցույց է տվել, որ միայն պատերազմների ժամանակ են հայերը համախմբվում, միանում մեկ գաղափարի շուրջ, անշուշտ, այդտեղ էլ ոմանք ենթանպատակ են դնում անձնական շահը, բայց և այնպես, պայքարում են հանուն հայրենի խաղաղ երկնքի:

Ա.Ս.