
Վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանային իրավիճակը շատ լարված է. ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, նաեւ հրետանի է կիրառում:
Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ պատրաստվում է Դուշանբեում նախանշված ՀԱՊԿ գագաթաժողովին մանրամասն ներկայացնել ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրումը:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու ջանքերի համար»,- հավելել է մեր երկրի ղեկավարը:
ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերի 15-ին, Տաջիկստանում:
“Վերջին օրերի սահմանային լարվածության համար Ադրբեջանը հայաստանյան կողմից խիստ պատասխան է ստանում: Նրանց նպատակն է սահմանամերձ բնակչությանը և մեր զինվորներին մշտապես սթրեսի տակ պահելը, այդ կերպ մշտական ճնշում են փորձում գործադրել մեր երկրի իշխանությունների վրա` որոշակի զիջումների գնալու համար:”,- նման տեսակետ է հայտնել «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Հարցին, թե սահմանային վերջին լարվածությունները հնարավո՞ր է կապված լինել «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հետ, փորձագետը պատասխանել է.
«Ադրբեջանական կողմը կարող է գրգռվել անգամ, օրինակ, ուսումնական տարվա սկզբի առթիվ: Ցանկացած իրադարձությունից հետո նրանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Զորավարժություններ միշտ էլ անցկացվում են, եթե զորավարժություններ չանենք, որպեսզի Ադրբեջանը ինչ որ գործողությունների չդիմի, կգա մի օր, երբ հարսանիք նշելն ադրբեջանցիներից կախված կլինի»:
Կարեն Վրթանեսյանը նկատում է նաև, որ պատերազմը դեռ չի ավարտվել: 1994 թվականին ընդամենը կնքվել է հրադադարի պայմանագիր: «Պետք է հասկանանք, որ և´ Ադրբեջանը, և´ Հայաստանը իրենց սպառազինությամբ հավասար մակարդակի են: Եթե նրանք մտածեին, որ ինչ որ լուրջ արդյունքի կհասնեն, իրենք պատերազմի կդիմեն, բայց այսօրվա դրությունը, զուտ ռազմական առումով, անիմաստ քայլ է»:
Փորձագետը հիշեցնում է, որ մեր տարածաշրջանում լարված իրավիճակը գրեթե ամենուր է, օրինակ Թուրքիայում լարված դրություն է, Վրաստանում վերջին 20 տարում 4 պատերազմ և 1 հեղափություն տեղի ունեցավ: Նկատում է, որ մեր տարածաշրջանում խաղաղ ապրելու միակ պայմանը հզոր բանակ ունենալն է:
Սակայն այնուամենայնիվ հարց է առաջանում:
Պարո´ն փորձագետ, զորավարժություններ, այո, միշտ լինում են, բայց այսպիսի մասշտաբների՞, այսպիսի հնչեղությա՞ն, մարդկանց և մշակութային արժեքների տարհանման փորձարկմա՞մբ:
Այդ դեպքում ինչո՞ւ «Շանթ 2015» նախաձեռնվեց և մեկնարկեց հենց այն ժամանակ, երբ ամեն օր սահմանին հրադադարի բազմակի խախտումներ են արձանագրվում, երբ Տավուշի սահմանամերձ գյուղերում խաղաղ բնակչության օջախներն են ռմբակոծվում, երբ կան ոչ միայն վիրավորներ թե´ բնակիչների, թե´ զինվորականների մեջ, այլ նաև ունենք կորուստներ: Այս մասին նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն են խոսում:
Ուրեմն, ստացվում է, որ արտաքին աշխարհին ակնհայտ նպատակներով իրականացվող զորավարժությունները մեր իսկ երկրում ներկայացնում ենք ա՞յլ քողի տակ:
Սա հանրության խուճապը կանխելո՞ւ, թե՞ լարված իրավիճակն ավելի սրելու համար է: