Սեպտեմբերի 4-ին արտակարգ դրություն էր Հայաստանի Ազգային պատկերասրահում և Մատենադարանում. մշակութային արժեքների պահպանության այս երկու հզոր օջախներում համապատասխան մասնագետները հատուկ արկղերի մեջ փաթեթավորում էին կտավները, ձեռագրերը և այլ թանգարանային նմուշներ, որոնք պետք է տեղափոխվեին հատուկ պահոցներ:
Մատենադարանն աշխարհում պահպանության լավագույն միջոցներ ունեցող եզակի կենտրոններից է: Այստեղ են պահվում աշխարհի եզակի կարևորություն ունեցող ձեռագրեր, հոգևոր արժեք ունեցող նկարազարդ մատյաններ, իսկ դրանց պահպանության համար թանգարանային աշխատակիցները ստիպված են մի շարք խնդիրներ հաղթահարել:
Ինչպես Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն է հավաստում, կառույցում առկա է այնպիսի համակարգ, որ անգամ տարերային աղետների ժամանակ, լիովին կարող է պահպանել անվտանգությունը:
Տարհանման ենթակա մշակութային բացառիկ արժեքների ցուցակը հաստատվում է կառավարության կողմից:
Արտակարգ դրության պայմաններում էին աշխատում նաև Ազգային պատկերասրահում. վերականգնողական բաժնի և ֆոնդի 15-20 աշխատակիցներ 6-7 ժամվա ընթացքում պետք է իրականացնեին տարհանման աշխատանքներ: Պատկերասրահի ցուցասրահներում առկա 3500 կտավներից բացի ֆոնդում կան ևս 42.000 նմուշներ, որոնք միանգամից տարհանելն ուղղակիորեն անհնար է, այդ իսկ պատճառով տարհանման ծրագիրը մեծ նրբություն էր պահանջում: Հայաստանի Ազգային պատկերասրահից տարհանված թանգարանային նմուշները ոստիկանական հատուկ ջոկատների ուղեկցությամբ տեղափոխվեցին ապաստարաններ:
Տարհանված կտավների և ապաստարանների ցուցակները հրապարակայնացման ենթակա չեն:
Իրականում այս գործողությունները ուսումնավարժական էին, կարևոր նշանակություն ունեին և միտված էին <<Շանթ 2015>> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացվող հոգևոր արժեքների պահպանության և տարհանման ծրագրի հաջող իրականացմանը:
Համապետական նշանակություն ունեցող <<Շանթ 2015>> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 3-ին և տևելու են մինչև սեպտեմբերի 6-ը՝ ներառելով պետական նշանակություն ունեցող բոլոր ոլորտները: Նման զորավարժությունների կազմակերպման բարձր մակարդակի և հաջող իրականացման մասին լուրերով են հանդես գալիս անգամ հարևան պատերազմող երկիր Ադրբեջանի լրատվական կայքերը:
ԱՐՓԻ