Թրամփն առաջարկել է կրակել Մեքսիկայի սահմանն ապօրինի հատել փորձող ներգաղթյալների ոտքերին, էլեկտրահարել, կամ կոկորդիլոսների ու օձերի բաժին դարձնել նրանց. NYT

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մարտին օգնականների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կրակել Մեքսիկայի սահմանն ապօրինի հատել փորձող ներգաղթյալների ոտքերին: Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի քանի աղբյուրի:

Հրատարակության տեղեկության համաձայն՝ Օվալաձև աշխատասենյակում հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի ղեկավարն առաջ է քաշել սահմանը հատելու պահին անօրինական ներգաղթյալների ոտքերին կրակ բացելու գաղափարը:

Ըստ հաղորդման՝ ներկաները, որոնց թվում են եղել նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, խորհրդականներ Սթիվեն Միլլերը և Ջարեդ Քուշները, մերժել են նախագահի այդ առաջարկը՝ պատճառաբանելով դրա հակասահմանադրական լինելը:

Պարբերականի աղբյուրները նշել են, որ մասնավոր զրույցներում Թրամփը հանդես է եկել ներգաղթյալների նկատմամբ անսովոր միջոցներ կիրառելու օգտին. նա առաջարկել է սահմանին փոս փորել և այն լցնել կոկորդիլոսներով և օձերով, նույնիսկ հետաքրքրվել է նման նախագծի մոտավոր արժեքով։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հանդես է եկել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատը «էլեկտրահարող» դարձնելու մտահղացմամբ:

Թեև Թրամփն ի վերջո հրաժարվել է իր այդ ծայրահեղ առաջարկներից, ըստ հաղորդման, նա զրույցից հետո աշխատանքից հեռացրել է մի շարք օգնականների և խորհրդականների, որոնք դեմ են եղել իր գաղափարներին:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան առաջնորդը 771 մլն դոլար է փոխանցել ՌԴ-ի զսպման ծրագրից, որպեսզի ֆինանսավորի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը: