«Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր». ամերիկացի սենատորի հարցը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին (տեսանյութ)

Սենատոր Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է բարձրացրել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Մայքլ Սաթերֆիլդի հետ հարցուպատասխանի ժամանակ:

Մենենդեսն իր խոսքի սկզբում հայտարարել է, որ հիասթափված է Սաթերֆիլդի՝ իր հետ հանդիպումը չեղարկելու որոշումից, ուստի՝ որոշել է առիթը բաց չթողնել ու իրեն հուզող հարցերը նիստի շրջանակում տալ:

«Թույլ տվեք ինձ սկսել հարցից՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրության կողմից սպանվել է մոտ 1,5 մլն հայազգի տղամարդ, կին և երեխա»,-սկսել է Մենենդեսը:

«Մենք միանշանակ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»,-ասել է թեկնածուն:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք դա ընդունում եք»,-փորձել է հստակեցնել Մենենդեսը, ինչին Սաթերֆիլդը դրական պատասխան է տվել:

«Դուք ընդունո՞ւմ եք, որ կատարվածը ցեղասպանություն էր»,-շարունակել է Մենենդեսը:

«Պարո՛ն սենատոր, նախագահը հայտարարել է, որ դա 20-րդ դարի ամենասարսափելի դաժանություններից էր, և ես համակարծիք եմ այդ հայտարարության հետ»,- պատասխանել է Սաթերֆիլդը:

«Անկասկած, դա դաժանություն էր, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այն ցեղասպանություն էր»,-կրկին հարց է հղել սենատորը:

«Հիշյալ հայտարարությունն արտահայտում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը»,-հակիրճ ասել է թեկնածուն:

«Լավ, չեք ասում, որ դա ցեղասպանություն էր: Թույլ տվեք հարցնել՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու համար»,-հետաքրքրվել է Մենենդեսը: Դրան ի պատասխան Սաթերֆիդլը նկատել է, որ ինքը պատմաբան է ու տեղյակ է այն ժամանակվա իրադարձությունների մասին:

Այնուհետև սենատորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի այն հայտարարությանը, համաձայն որի՝ հայերին տեղահան անելու վերաբերյալ թուրքական իշխանությունների հրահանգը մահվան վճիռ էր մի ամբողջ ազգի համար, և որ իշխանությունները Մորգենթաուի հետ զրույցում անգամ չեն էլ փորձել թաքցնել դա:

«Ես տեղյակ եմ այդ հայտարարության մասին»,- ասել է Սաթերֆիլդը՝ կոնկրետ չպատասխանելով՝ արդյոք ընդունում է այդ հայտարարությունը, թե ոչ:

«Դե ինչ, այս ամենը նման է խորամանկ պարի, որը մենք պարում ենք որպես ազգ՝ չճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Նույնիսկ միջկառավարական հաստատություն հանդիսացող Հոլոքոստի ամերիկյան թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ մենք չենք կարողանում ընդունել դա: Սակայն եթե մենք չճանաչենք անցյալը որպես իրողություն, չենք կարողանա առաջ շարժվել»,-եզրափակել է Մենենդեսը:

Ընդհանուր առմամբ նիստի ժամանակ հարցուպատասխան է արվել Հյուսիսային Մակեդոնիայում, Իռլանդիայում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: