Թրամփը Կիմ Չեն Ընին «հավանելու» պատճառով կչեղարկի Հս. Կորեայի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է կարգադրություն տալ օրերս երկրի ֆիննախի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

«Ֆինանսների նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը նոր սահմանափակումներով ավելացնելու մասին: Այսօր ես կարգադրել եմ, որ այդ պատժամիջոցները չեղարկվեն»,-Twitter-ում գրել է նախագահը:

Սկզբում հասկանալի չի եղել, թե խոսքն ինչ պատժամիջոցների մասին է: Ավելի ուշ պարզվել է, որ նախարարության հայտարարած պատժամիջոցները վերաբերում էին մի շարք չինական ընկերությունների, որոնք օգնել են Հյուսիսային Կորեային խուսափել արևմտյան պատժամիջոցներից:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ «Թրամփը հավանում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին ու չի կարծում, որ այդ պատժամիջոցներն անհրաժեշտ են»:

Սակայն Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ադամ Շիֆը քննադատել է Թրամփի որոշումը: Շիֆի կարծիքով՝ երկրի նախագահը չի կարող չեղարկել պատժամիջոցները միայն այն պատժաճով, որ «սիրում է Կիմին»:

Հիշեցնենք, որ վերջին ինն ամսում Թրամփն ու ԿԻմ Չեն Ընը երկու հանդիպում են ունեցել Փհենյանի վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի թեմայով: ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայից պահանջում է դադարեցնել այդ ծրագրերը, իսկ Փհենյանը ցանկանում է, որ ամերիկյան ագրեսիայի նվազում, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկում լինի:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/23/lift-sanctions/2955505