Ֆրանսիահայերը շոկի մեջ են «Հայաստան» հիմնադրամի սկանդալի պատճառով. ինչպես շարունակել օգնել

Ֆրանսիայի հայ բարերարները պատրաստ են համագործակցել Հայաստանի կառավարության հետ, չնայած «Հայաստան» հիմնադրամի տնօրենի ձերբակալությանը։

Fonds Arménien de France բարեգործական կազմակերպությունը ցնցված է «Հայաստան» հիմնադրամիր գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալության մասին լուրով։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում, որը հրապարակել է Nouvelles d”Armenie պարբերականը։

Այսպես, թե այնպես, պետք է հետևել անմեղության կանխավարկածին և սպասել քննությանը և դատին։ Եթե պարզվի, որ թե Վարդանյանին վերագրվող փաստերն իրականում տեղի են ունեցել, ապա հարկ կլինի վերականգնել տասնյակ հազարավոր բարերարների վստահությունը։

Հենց այդ վստահության հիման վրա է «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել միջոցներ, որոնց օգնությամբ վերակառուցել են Հայաստանի հյուսիսը 1988թ–ի երկրաշարժից հետո, աջակցել շրջափակման մեջ գտնվող երկիրն, օգնել Արցախին, ստեղծել ենթակառուցվածքների հսկայական ցանց (ճանապարհների, ջրատարների, էլեկտրականության և գազի ցանցերի), զարգացրել գյուղատնտեսությունը, իսկ վերջին տարիներին զարգացրել արևային էներգետիկան Հայաստանում և Արցախում։

«Fonds Arménien de France–ն ընդգծում է, որ Հայաստանի կառավարության հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի շրջի այս տխուր էջը, վերականգնի հիմնադրամի նկատմամբ վստահությունը և շարունակի «Հայաստան» հիմնադրամի աշխատանքն ավելի մեծ նվիրումով, քան նախկինում», – ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության`Վարդանյանը խոստովանել է, որ 2016-2018 թվականներին հիմնադրամի բանկային քարտից 130 մլն դրամի խաղադրույքներ է կատարել օնլայն կազինոներում։

Վարդանյանը հայտնել էր, որ վարկային քարտից վատնած միջոցները վերադարձրել է հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ, անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am