Իսրայելի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, հայտնում է primeminister.am-ը: Նեթանյահուն Փաշինյանին մաղթել է ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում եւ բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաեւ վարչապետին եւ հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:

Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա համերաշխությունը հիմնված է երկու ժողովուրդների համանման պատմական փորձի եւ Սուրբ հողում, մասնավորապես՝ Երուսաղեմում, հայկական դարավոր ներկայության վրա:

«Իսրայելը պատրաստակամ է Հայաստանի հետ ընդլայնելու իր համագործակցությունը բազմաթիվ կարեւոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ եւ Հայաստանի նոր կառավարության հետ՝ զարգացնելու առավել ամուր հայ-իսրայելական գործընկերություն»,-ասված է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընրտվել այս տարվա մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստի ընթացքում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Աղբյուրը՝ armtimes.com