«Կեցցեք դուք». Լուկաշենկոն Սոչիում հանդիպել է Փաշինյանի հետ

Բելառուսի նախագահը համոզված է, որ Հայաստանը ճիշտ և արժանապատվորեն է դուրս եկել քաղաքական ճգնաժամից, ինչի համար նա անկեղծ ուրախ է։

 Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Հատկանշական է, որ երկու առաջնորդների հանդիպումն ի սկզբանե չէր ծրագրվել, հաղորդում է ԲելՏԱ-ն։

«Ես սպասում էի այդ հանդիպմանը։ Մենք իսկապես պետք է զրուցենք։ Հազիվ թե մենք հասցնենք կարճ ժամանակում քննարկել բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն աշխարհում, մեր շրջապատում։ Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն ինչ-որ խնդիրներ», — Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է գործակալությունը ։

Նախագահը պատրաստ է Հայաստանի նոր վարչապետին մանրամասն պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին։

«Դա շատ կարևոր հանդիպում է։ Ընդհանրապես, կեցցեք դուք։ Շատ արժանավայել և ճիշտ դուրս եկաք այդ իրավիճակից, դուք ինքներդ արդեն զգացել եք դա։ Մենք ուրախ ենք Ձեզ համար», — հավելել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ վերջերս Հայաստանի նախագահի հետ քննարկել է Երևանում ստեղծված իրավիճակը, և որոշում է ընդունվել Հայաստան ուղարկել բելառուս լրագրողներին` իրադարձություններն օբյեկտիվ լուսաբանելու համար։

«Դուք նախկինի պես կարող եք հույս դնել մեզ վրա։ Մեզ շատ մտերիմ հայ ժողովրդի նկատմամբ մեր քաղաքականությունը երբեք չի փոխվի։ Ես ձեզ խոստանում եմ։ Այն կլինի նույնքան կառուցողական է և բարեկամական», — հավաստիացրել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am