Մարդկանց ապօրինի տեղափոխողների շրջանում լայնորեն տարածված են Facebook-ը և WhatsApp-ը

Facebook սոցկայքը և դրա հետ կապված WhatsApp մեսենջերն օգտագործում են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում մարդկանց մաքսանենգություն կազմակերպելու նպատակով։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Միգրացիայի միջազգային կազմակերպության քարտուղար Լեոնարդ Դոյլին։

Դոյլի խոսքով՝ մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբերն սոցկայքը և մեսենջերն օգտագործում են պոտենցիալ հաճախորդների շրջանում իրենց ծառայությունների մասին տեղեկություն տարածելու համար։ Գործնականում հանցագործները հաճախ են օգտագործում ներգաղթյալներին, բռնության ենթարկում և պատանդ պահում, որպեսզի շանտաժի միջոցով նրանց հարազատներից գումար շորթեն։

Նա նաև ասել է, որ հանցագործների հասանելիությունը Facebook-ի ծառայություններին դյուրացված է՝ ընկերությանը կոչ անելով օգտահաշիվների շարքում գտնել մարդկանց ապօրինի տեղափոխողների էջերը և արգելափակել։ Դոյլը վստահ է, որ սոցկայքը նման խմբավորումների հետ պետք է վարվի այնպես, ինչպես ծայրահեղական կազմակերպությունների դեպքում։

Աղբյուրը՝ 1in.am