Որն էր Սթիվեն Հոքինգի՝ մարդկությանն ուղղված վերջին նախազգուշացումը

Եթե մարդկությունն ուզում է ողջ մնալ, ապա առաջիկա 200 տարվա ընթացքում պետք է լքի Երկիրը: Սա բրիտանացի հայտնի ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգի վերջին կանխատեսումն էր, գրում է The Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ անվանի գիտնականը կյանքից հեռացել է մարտի 14-ին:

Յոթանասունվեցամյա Հոքինգը հավատում էր, որ Երկրի վրա կյանքը կարող է անհետանալ երկնաքարի հետ բախման, այլմոլորակայինների ներխուժման ու արհեստական ինտելեկտի զարգացման ու իրենց հնարավորություններով մարդկանց գերազանցելու կարողության հետևանքով:

Բացի այդ, ֆիզիկոսը նախազգուշացնում էր, որ մարդկային ագրեսիան, բնակչության գերծանրաբեռնվածությունն ու կլիմայական փոփոխությունները մարդկանց կարող են տանել դեպի ինքնաոչնչացում:

Հոքինգը գտնում էր, որ եթե մարդկային ցեղն ուզում է գոյատևել, ապա պետք է նոր կյանք սկսի տիեզերքում:

Հիշեցնենք, որ պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:

Հայտնի է, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։

Աղբյուրը՝ tert.am