Մեծագույն գիտնական Սթիվեն Հոքինգը հեռացավ դեպի տիեզերք

The Guardian-ը հայտնում է, որ նրա մահվան մասին այսօր վաղ առավոտյան հայտնել են գիտնականի զավակները:

«Նա մեծ գիտնական էր եւ արտառոց մարդ, ում աշխատանքը եւ ժառանգությունը կապրեն երկար տարիներ: Նրա խիզախությունը, համառությունը եւ հումորի զգացումը ոգեւորում էին մարդկանց աշխարհով մեկ», – ասված է Հոքինգի զավակներ Լյուսիի, Ռոբերտի եւ Թիմի հայտարարության մեջ:

2016 թվականի մարտին Սթիվեն Հոքինգն ասել էր, որ գիտական փայլուն կարիերայով պարտական է իր հայազգի ուսուցիչ Տիգրան Տահտային (Dikran Tahta):

Տիգրան Տահտան Սթիվեն Հոքինգի մաթեմատիկայի ուսուցիչն էր Սբ Ալբանսի դպրոցում:

«Ուսուցիչներից շատերը ձանձրալի էին, բայց ոչ պարոն Տահտան», – ասել է ֆիզիկոս-տեսաբանը:

«Նրա դասերը շատ կենդանի եւ գրավիչ էին: Կարելի էր բանավիճել ամեն ինչի մասին: Միասին մենք կառուցեցինք իմ առաջին համակարգիչը», – հիշում էր Սթիվեն Հոքինգը:

«Պարոն Տահտայի շնորհիվ է, որ ես մաթեմատիկայի պրոֆեսոր դարձա Քեմբրիջում, զբաղեցնելով մի պաշտոն, որը ժամանակին Իսահակ Նյութոնինն էր», – ասել էր գիտնականը:

 Աղբյուրը՝ mediamax.am