Դուբայի բնակիչը 713.000 դոլար է վճարել մեքենայի «գոլդ» պետհամարանիշի համար

Դուբայը հայտնի է որպես մեծահարուստների, շքեղ ու ճոխ կյանքի սիրահարների «հանգրվան», որտեղ մարդիկ պատրաստ են աստղաբաշխական գումարներ ծախսել իրենց սոցիալական կարգավիճակն ընդգծելու համար:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Դուբայի ճանապարհների ու տրանսպորտի վարչության կազմակերպած մեքենաների «գոլդ» պետհամարանիշերի աճուրդի ժամանակ տղամարդը 713.000 դոլար է վճարել W22 պետհամարանիշի համար:

Աճուրդի շրջանակում մեկ այլ վարորդ 450.000 դոլար է վճարել T32 պետհամարանիշի համար: Բավական բարձր գներով են վաճառվել նաև R66666 և T88888 պետհամարանիշերը:

Աճուրդի մասնակիցներից մեկը մանրամասնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչները սիրում են թանկարժեք, տարբերվող պետհամարանիշեր գնել, որպեսզի, այդպիսով, արժանանան շրջապատի հարգանքին:

«Մարդիկ ցանկանում են այսպիսի պետհամարանիշեր ունենալ մյուսներից տարբերվելու համար: Նրանք կարծում են, որ մարդիկ կհարգեն իրենց, եթե իրենք մեքենայի լավ համարներ ունենան: Սովորաբար, նման կարծիքի են երիտասարդները: Ես նույնիսկ որոշ մարդկանց գիտեմ, որոնք վարկ են վերցնում բանկերից «գոլդ» պետհամարանիշ գնելու համար»,-պատմել է տղամարդը:

Աղբյուրը հավելում է, որ աճուրդին մասնակցել է 500 մարդ, որոնք ընդհանուր 5.400.000 դոլար են վճարել համարների համար:

Աղբյուրը՝ tert.am