Եվրոպայում կբացվի Պիկասոյի ամենամեծ թանգարանը

Իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի խորթ դուստր և ժառանգորդուհի Քեթրին Յուտեն Բլեն գեղանկարչին և նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նվիրված թանգարան կբացի:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, նոր թանգարանը կբացվի Ֆրանսիայի հարավային Էքս ան Պրովանս քաղաքում՝ նախկին վանքի տարածքում: Այնտեղ կցուցադրվի նկարչի վրձնին պատկանող շուրջ 1000 կտավ, որն ավելի է, քան Պիկասոյի մյուս թանգարաններում՝ Փարիզում, Անտիբում, Բարսելոնայում և Մալագայում:

Էքս ան Պրովանս քաղաքի թանգարանը բացվելու է 2021-ին: 1500 քառ. մետր տարածքի երկու երրորդը կհատկացվի մշտական ցուցադրությանը, իսկ երրորդ մասը՝ ժամանակավոր ցուցահանդեսներին: Բացի այդ, այստեղ աշխատելու է Պիկասոյի հետազոտական կենտրոնը և հանրային արհեստանոցներ:

Քեթրին Յուտեն Բլեի ողջ հավաքածուն ավելի քան 2000 գործ է ներառում Պիկասոյի աշխատանքներից, որոնց թվում կտավներից բացի նաև քանդակներ, խեցեղեն իրեր և լուսանկարներ են ընդգրկված:

Աղբյուրը՝ tert.am