Կրքոտ, հիստերիկ և համարձակ․ այսպիսին է Աիդա Թորոսյանն իր նոր կերպարում․ Փախի՛ր կնոջիցդ

Ինչպես արդեն նշել ենք, հունիսի 17-ին Գլենդելում տեղի կունենա «Փախիր կինոջիցդ» ներկայացման պրեմիերան։ Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում բեմադրվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։ Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։ Yelaket.am-ի զրուցակիցը դերասանուհի Աիդա Թորոսյանն է, ով մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը։ Նկարագրե՛ք Ձեր կերպարը մի քանի բառով: Բարբառան շատ կրքոտ, համարձակ կերպար է: Կին է, ով ոչ մի կերպ չի ցանկանում իր տղամարդուն կորցնել: Ինչպես ցանկացած կին, միայն իր կողքին է տեսնում իր սիրելի տղամարդուն: Մի փոքր էլ հիստերիկ նոպաներ ունի, եթե հանկարծ զգում է, որ իր տղամարդը կարող է ուրիշ կնոջ անուն տա, սիրավեպ ունենա: Կերպարի առանձնահատկությունն ուսումնասիրելիս փորձել եմ ավելի ընդգծել իր բնավորության բռնկուն գծերը: Ամեն նոր դերից առաջ ի՞նչ է պետք դերասանին: Բնականաբար երկար ժամանակ ու աշխատանք: Աշխատանք, թե՛ ինքն իր հետ առանձին, թե՛ ռեժիսորի հետ, քանի որ, նախ և առաջ կերպարը ուսումնասիրում ես, փորձում ես հասկանալ կերպարի բնույթը, առանձնահատկությունները: Երբ պարզում ես ով է կերպարը, դերասանը սկսում է իր կողմից ավելացնել համերը, ինչ-որ հետաքրքիր նյուանսներ, որոնք որ կտարբերվեն, որովհետև յուրաքանչյուր կերպար տարբեր դերասաններ կերտում են յուրովի: Ու տաղանդավոր դերասանի տարբերությունը գուցե դա է, որ կարողանում է իր ներքինը փոխանցի և ճիշտ կերպով ֆիլտրի: Ձեր կերպարի առավելությունն ինչո՞ւմ է կայանում: Ես չեմ կարծում, որ որևէ կերպար գլոբալ առումով ունի առավելություն. դա մտացածին բան է: Մարդ չի, որ առավելություն կամ թերություն ունենա մյուսների համեմատ: Բայց, եթե խոսենք կոնկրետ այդ կնոջ դերի մասին, չունի առավելություն, թեկուզ մյուս կնոջ հետ համեմատած, ներկայացման մեջ, հենց դա է ողջ պարադոքսը: Մեր գլխավոր կերպարը՝ տաքսիստը, ունի երկու կին: Երկուսն էլ գեղեցիկ են, սիրում են իրենց տղամարդուն, բայց ոչ ոք չի զիջում: Ունեն տարբեր բնավորության գծեր, դրա համար էլ ճիշտ ձևով լրացնում են իրար: Ինչո՞վ է առանձնանում այս ներկայացումը Ձեր մյուս ներկայացումներից: Անկեղծ ասած, ես ներկայացումներում շատ չեմ խաղացել: Հայկական ներկայացման մեջ սա իմ առաջին աշխատանքն է: Եվ դրա համար արդեն իսկ տարբերվում է: Աշխատանքը թե՛ ռեժիսորի հետ, թե՛ դերասանների հետ լրիվ այլ է: Ես հասկացա, որ անկեղծությունն ավելի շատ է թատրոնում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am