«Այդ զզվելի որակի համար ինձ մեղադրելը ծիծաղելի է». Արթուր Գրիգորյանը` շոու բիզնեսի այսօրվա վիճակի և իրեն դրա պատասխանատուն համարելու մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ Արթուր Գրիգորիչը վերջին շրջանում ձեռնափայտով է, քանի որ ոտքի կոտրվածք էր ստացել։ Չնայած ոտքի հետ կապված խնդրին՝ նա  շարունակում է աշխատել, թեև ասում է, որ դեռ իր բնականոն ռիթմի մեջ չէ։  Tert.am Life–ն այս անգամ Գրիգորիչի հետ զրուցել է նոր աշխատանքների, գործունեության այս փուլի և հայկական շոու բիզնեսի անորակության համար իր հասցեին հնչող մեղադրանքների մասին։

Այժմ Գրիգորիչը պատրաստվում է մայիսի 8-ին և 9-ին Արցախում կայանալիք համերգին, որտեղ «Երգի պետական թատրոնը» կներկայանա Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Երգահանը հայտնեց, որ նորովի են ներկայացնելու իր «Հայաստան» երգը։ Բացի այդ, Արցախի մասին նոր երգ ունի։

Գրիգորիչը նշեց, որ թեև իր նոր երգը ներկայացնելու է Շուշիի ազատագրման առթիվ, այն հատուկ այդ առիթով չի գրել. «Չեմ սիրում տոնից տոն երգ ընծայել։ Երգը կարող է ծնվել պատահական մի օր։ Ես չեմ նստում ու որոշում, որ հիմա Արցախի մասին երգ եմ գրելու։ Ամենասիրված «Արցախ» երգը չի գրվել տոնի համար, այն չեմ գրել, որ հերոս թվամ կամ լավագույնի կոչմանն արժանանամ։ Երգը գրել եմ Դիլիջանում, որտեղի բնությունը շատ մոտ է Արցախի բնությանը»,– նկատեց նա։

Երգահանը  նշեց, որ կարող է ամիսներ շարունակ երգ չգրել, առաջ դա իրեն վախեցնում էր, հիմա` ոչ։ «Առաջ մտածում էի` վերջ։ Հիմա հասկացել եմ, որ դա նորմալ է։ Կարող է միանգամից մի քանի երգ գալ, հետո մի քանի ամիս ոչ մեկը չլինել։ Ես չեմ նստում դաշնամուրի առաջ, որովհետև պատվերով կամ փողով երգ ունեմ գրելու։ Ես փողով երգեր չեմ գրում, իսկ եթե պետական պատվեր եմ ունենում, երգը պետք է ծնվի։ Եթե զգամ, որ մեջս չկա, որպեսզի գրվի, չեմ գրի։ Երևանի 2800–ամյակի առթիվ ասել են, որ երգ գրեմ, սակայն ես չգիտեմ` կգա՞  այն երգը, որն ինքս ուզում եմ, որ լինի, թե՞ ոչ։ Ուղղակի Երևանի մասին երգ գրել չեմ ուզում։ Ինձ մոտ «կամ–կամ» է` կամ պետք է հոգիս հանգիստ լինի այդ երգի համար, կամ այդ երգը չլինի»,– նշեց Գրիգորիչը, ով ծայրահեղ պատասխանատվությամբ է վերաբերում իր գործին։

Երգահանի համար առանձին նշանակություն ունեն զինվորի մասին գրված երգերը։ Նա ընդգծեց, որ զինվորի մասին հենց այնպես երգ գրել պետք չէ։ «Հենց այնպես, սպեկուլյացիա անելու համար երգ գրել զինվորի մասին, մարդուն զինվորական հագուստ հագցնել, որ տեսահոլովակը լավը թվա, չի կարելի։ Գրողները պետք է ապրեն դրանով։ Եթե նրանք չգիտեն` ինչպիսին է զինվորի ճաշը, ինչով է նա ապրում, երգ գրելու իրավունք չունեն։ Վերջերս շատ են ծնվում երգեր, որոնք գրվել են երգի, ոչ թե զինվորի համար։ Գրողները գոնե 2 ամիս պետք է ապրեն զինվորի կողքին, ոչ թե Երևանի կենտրոնի սրճարանում նստած երգ գրեն զինվորի մասին ու ասեն` էս երգը կխփի, էս երգը չի խփի։ Հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է երգը խփել, ո՞ւմ և ինչի ՞է խփում։ Արցախի, զինվորի մասին թեմատիկ երգեր շատ ունեմ։ Իմ վերաբերմունքը թեմային տարիքի հետ չի եկել։ Դա միշտ ինձ համար շատ ավելի կարևոր է եղել, քան  երգ գրելը»,– ասաց երգահանը։

Արթուր Գրիգորյանը հաճախ է քննադատում հայկական շոու բիզնեսի ներկայիս վիճակը, նա երբեք չի կաշկանդվել խոսել, անգամ, իր նախկին սաների մասին, սակայն մեկնաբանությունների դաշտում շատ մարդիկ հենց իրեն են քննադատում այդ վիճակի համար` մատնանշելով, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը ժամանակին իր սաներն են եղել, ինքն է հարթակ ստեղծել այն երգիչների համար, որոնք այսօր վատ ճաշակ են թելադրում։ Արթուր Գրիգորյանն ունի իր պատասխանը, երբ այդ մարդիկ Երգի թատրոնում էին, այլ որակ էին ներկայացնում։

«90-ականներին, երբ այդ հարթակը ստեղծվեց, նրանցից որևէ մեկը կեղտոտ նոտա, ռաբիսին մոտ բան չէր երգում։ Հետո նրանք գնացին թատրոնից ու, ինչպես իրենք են ասում, կյանքը ստիպեց, որ ախմախ երաժշտություն երգեն, որովհետև պետք է փող աշխատեն, հաց ուտեն։ Դա ինձ համար զզվելի պատասխան է, որովհետև չես կարող քեզ դավաճանել, որպեսզի ամեն օր միս ուտես։ Քեզ մի վաճառիր այդ զզվելի երաժշտությանը, հաց ու պանիր կեր, դրանով էլ կկշտանաս։ Այդ զզվելի որակի համար ինձ մեղադրելը ծիծաղելի է։ Ես ոչ մի կապ չունեմ այդ երաժշտության հետ։ Ես միշտ ասում եմ, որ վաղուց այլևս չկա հայկական էստրադա հասկացություն։ Կան զզվելի հավաքածուներ։ Հիմա մեծ սերիալի պես մի երգ են գրում, կտրտում ու վաճառում, մի երգիչը գալիս, ասում է` մյուսի պես երգ եմ ուզում։ Տարիներ շարունակ մի մեծ երգ է հնչում, Արթուր Գրիգորյանն ի՞նչ կապ ունի դրա հետ, ոչ մի կապ։ Այն մարդիկ, ովքեր թատրոնից են, գոնե, որոշակի սահման են պահում։ Արսեն Սաֆարյանի բերանից նման վատ երգեր չեն լսվել։ Իմ երգիչներին, օրինակ, Ռազմիկ Ամյանին, առաջինը ես եմ նախատել, որովհետև շատ եմ ափսոսում իրեն, սակայն նույնիսկ նա այսօր կարող է երգել ախմախ, բայց ոչ թուրքական երգեր։ «Չունի աշխարհը քեզ նման» երգը բարի, ախմախ երգ է, բայց, գոնե, թուրքական նոտայով չէ։ Այսօր ռուսական ռաբիսն է մտել շուկա, ինչը շատ տհաճ է»,– եզրափակեց Գրիգորիչը:

Աղբյուրը՝ life.tert.am